211652_close_icon
views-count1247 դիտում article-date 10:35 16-12-2021

Արցախյան հակամարտության լուծման մեջ կարևոր են դետալները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի կողմից առաջարկված «3+3» ձեւաչափով հարթակը, որի ձեւավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի ունեցավ օրեր առաջ Մոսկվայում, թերի էր, քանի որ Վրաստանն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել հարթակին։ Թուրքական նախաձեռնությունը փորձ է՝ զրոյացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, ինչը չի կարող բխել Հայաստանի շահերից։

Միայն այն, որ «3+3»-ում նախաձեռնող կողմը Թուրքիան է, որը բացահայտ հակահայկական կեցվածք ունի եւ պաշտպանում է ադրբեջանական շահերը, արդեն իսկ բավարար է, որպեսզի հայկական կողմը վերապահումով մոտենա հարթակին։ Այս ձեւաչափը շրջանցում է Արեւմուտքին, մասնավորապես Ֆրանսիային, եւ վերջինս պարբերաբար քայլեր է ձեռնարկում՝ վերականգնելու իր մասնակցությունը տարածաշրջանային զարգացումներում։

Նախօրեին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էին մեր տարածաշրջանին՝ համաձայնելով «աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերին»։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության հարցը քննարկելիս Ֆրանսիայի պետության ղեկավարը եւ նախագահ Պուտինը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հումանիտար ոլորտում»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր