211652_close_icon
views-count1967 դիտում article-date 16:43 27-12-2021

Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ

Վարշավայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մրցումային առաջին օրն անցկացվել է 5 տուր:

Այս պահի դրությամբ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը. նա 4 հաղթանակ է տարել, կրել 1 պարտություն և վաստակած 4 միավորով կիսում է 4-16-րդ տեղերը, հայտնում է Armsport.am-ը:

Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսեսյանը վաստակել են 3,5-ական միավոր, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 3 միավոր ունեն: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2,5, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 2-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 1 միավոր։

Ի դեպ, առաջնության 2-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվեր Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Կայացած 5 տուրերից հետո Լեհաստանի ներկայացուցիչ Յան-Կշիշտոֆ Դուդան, վրացի Բաադուր Ջոբավան և նորվեգացի Մագնուս Կարլսենը 4.5-ական միավոր ունեն և կիսում են 1-3-րդ հորիզոնականները։

Կանանց պայքարում էլ Էլինա Դանիելյանը 2,5 միավոր է վաստակել՝ կիսելով 23-37-րդ տեղերը, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 1,5:

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կանցկացվի ևս 5 տուր։

Նմանատիպ նյութեր