211652_close_icon
views-count2807 դիտում article-date 23:59 28-12-2021

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բնութագրվել են բակտերիալ դիզենտերիայի հարուցիչների գենոմները և նախագծվել են այդ հարուցիչների դեմ պատրաստուկներ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում առաջին անգամ մանրակրկիտ բնութագրվել են Հայաստանում շրջանառվող հակամանրէային կայունություն դրսևորող շիգելոզի (բակտերիալ դիզենտերիա) կլինիկական հարուցիչները:

Սննդածին բակտերիալ վարակների վերահսկումն արդիական խնդիր է աշխարհում: Հարուցիչների դեմ կիրառվող հակամանրէային դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է մանրէների մոտ դեղամիջոցների նկատմամբ կայունության առաջացման և տարածման պատճառով: Նշված վարակներից Հայաստանում առավել տարածվածներից է շիգելոզը։ Խնդրի արդիականությունից ելնելով` իրականացվել են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում հիվանդներից անջատված շիգելոզի հարուցիչների հետազոտություններ:

Գիտական աշխատանքների ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Սեդրակյանը ներկայացրեց ստացված գիտական արդյունքները. «Առաջին անգամ կատարվել է Հայաստանում հիվանդներից անջատված շիգելոզի առավել խնդրահարույց հարուցիչների մանրակրկիտ բնութագրում՝ ամբողջական գենոմի սեքվենավորման կիրառմամբ: Ստացվել են հարուցիչները բնութագրող աննախադեպ և ծավալուն տվյալներ: Բացահայտվել և բնութագրվել են հարուցիչների հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության մեխանիզմները և վարակելիության ներուժը (վիրուլենտությունը): Հայաստանում հիվանդներից անջատված շիգելոզի հարուցիչների գենոմային տվյալները համեմատվել են այլ երկրներում տարածված հարուցիչների համանման տվյալների հետ, ինչը կարևոր է համաճարակային բարձր ռիսկ ներկայացնող կլոնների հայտնաբերման համար։

Բացահայտվել է, որ բոլոր հետազոտված հարուցիչները ցուցաբերել են կայունություն տարբեր դասերին պատկանող հակաբիոտիկների նկատմամբ: Առավել մտահոգիչ է, որ Հայաստանում շրջանառվող շիգելոզի հարուցիչների շարքում հայտնաբերվել են «գլոբալ առաջնայնության» պաթոգեններին բնորոշ հակաբիոտիկակայունություն ցուցաբերող հարուցիչներ:

Ներկայում սննդածին հիվանդությունների կանխարգելման և բուժման խոստումնալից այլընտրանքային միջոց է բակտերիոֆագերի (բակտերիալ վիրուսների) կիրառումը: Անջատվել են շիգելոզի հարուցիչների նկատմամբ ակտիվություն ցուցաբերող բակտերիոֆագեր: Կատարվել են շիգելոզի հարուցիչների դեմ բակտերիոֆագերի ակտիվության բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Արդյունքում Հայաստանում անջատված և մշակված բակտերիոֆագերի հիման վրա նախագծվել են շիգելոզի հարուցիչների դեմ արդյունավետություն ցուցաբերող պատրաստուկներ, որոնք կարող են ծառայել որպես հակաբիոտիկակայուն հարուցիչների դեմ պայքարի այլընտրանքային կամ լրացուցիչ միջոց»:

Անահիտ Սեդրակյանի խոսքով՝ արդյունքները վկայում են հակաբիոտիկների կիրառմամբ շիգելոզի արդյունավետ բուժման խնդիրների և այլընտրանքային հակամանրէային դեղամիջոցների մշակմանն ուղղված աշխատանքների արդիականության մասին:

«Հայաստանում անջատված շիգելոզի հարուցիչների գենոմների մուտքագրումը Եվրոպական նուկլեոտիդային արխիվ (ԵՆԱ) ընթացքի մեջ է, որից հետո ստացված տվյալները հասանելի կդառնան ամբողջ հետազոտական համայնքին: Սա այս աշխատանքների նշանակալի ներդրումը կլինի շիգելոզի հետազոտման ոլորտում», - նշեց Անահիտ Սեդրակյանը:

Նա ընդգծեց նշված ուղղություններով աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ Հայաստանում շիգելոզի վերահսկման համար:

Հետազոտության արդյունքներն ինտերակտիվ պոստերի ձևով ներկայացվել են 2021 թվականին Մանրէների համաշխարհային ֆորումում: Աշխատանքն անցել է գրախոսության մի շարք փուլեր Մանրէների համաշխարհային ֆորումի փորձագետների կողմից և հավանության արժանացել:

Աշխատանքներն իրականացվել են «Հայաստանում տարածված սննդածին բակտերիալ ծագման հիվանդությունների կանխարգելման և բուժման մոտեցումների մշակում՝ բակտերիոֆագերի կիրառմամբ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

Նմանատիպ նյութեր