211652_close_icon
views-count1448 դիտում article-date 20:18 10-01-2022

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունվարի 8-ին կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նախագիծը ներկայացրել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՆ տեղակալ Լենա Նանուշյանը: Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը:

Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:

Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ֆինանսավորման մեխանիզմներին և աղբյուրներին, բնակչության խմբերի որոշմանը, ապահովագրավճարի չափին և հավաքագրմանը, ծառայությունների որակի չափանիշներին, ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկմանը և ծախսարդյունավետությանը, սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության ապահովմանը, ներդրման ռիսկերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետն, ընդգծելով բարեփոխման կարևորությունը, նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության առաջնահերթ նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը՝ հաշվի առնելով այդ բարեփոխումների փոխկապակցվածությունը և փոխազդեցությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման:

Նմանատիպ նյութեր