211652_close_icon
views-count2625 դիտում article-date 09:26 12-01-2022

Կոնգրեսականներն առաջարկում են Ուկրաինան հայտարարել «ՆԱՏՕ պլյուս» երկիր․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի մի խումբ հանրապետական կոնգրեսականներ մտադիր են օրինագիծ ներկայացնել՝ Ուկրաինան «ՆԱՏՕ-պլյուս» երկիր հռչակելու և Ռուսաստանը ահաբեկչության պետական հովանավոր հայտարարելու իրագործելիության ստուգում սկսելու մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Դիվանագիտությունը հաջողության քիչ հնարավորություններ ունի, քանի դեռ դրան չեն մոտենում ուժի դիրքերից»,- ասում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար հանրապետական Մայքլ Մաքքալը, որը օրինագծի գլխավոր հովանավորն է:

«Վլադիմիր Պուտինը պետք է հաշվի առնի, որ Կոնգրեսը չի հանդուրժի Ռուսաստանի ազդեցության գոտու վերականգնումը և թույլ չի տա լքել Ուկրաինային, մեր մյուս դաշնակիցներին ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- հավելել է նա։

Օրինագիծը Ուկրաինային կտրամադրի անհրաժեշտ ռազմական և դիվանագիտական աջակցություն, քանի որ ռուսական ռազմական հզորությունը կուտակվում է նրա սահմանների մոտ: Այն նաև նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկել ագրեսիայի համար՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ անհապաղ պատժամիջոցների կիրառման միջոցով, որպեսզի այն երբեք չշահագործվի։

Օրինագիծը նաև սահմանում է Ուկրաինան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը թույլ կտա արագ քննարկել ԱՄՆ-ի որոշ պաշտպանական ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Փաստաթուղթը մերժում է Եվրոպայում ցամաքային միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում սահմանելու Ռուսաստանի առաջարկը և պահանջում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես որոշի, թե արդյոք Ռուսաստանը հանդիսանում է ահաբեկչության հովանավոր պետություն:

Բացի այդ, այն նախատեսում է 155 միլիոն դոլար հատկացնել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ 2022 թվականին նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսական ապատեղեկատվության և տեղեկատվական գործողությունների դեմ պայքարելու համար։

Օրինագիծը համահովանավորել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Մայք Ռոջերսը, Մայք Թերները և Էլիս Ստեֆանիկը:

«Այս օրինագիծը զգալիորեն կավելացնի Ուկրաինային մահաբեր զենքերի հարցում օգնությունը, մասնավորապես՝ հակաօդային և հակառազմածովային զենքերի ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են ուկրաինացիներին Ռուսաստանին զսպելու համար։ Նա նաև հստակ կերպով ասում է, որ Պուտինի պահանջները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում վետոն և Եվրոպայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը, անընդունելի են և հակասում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին», - ասել է կոնգրեսական Ռոջերսը:

Ստեֆանիկի խոսքով՝ «Ուկրաինան պետք է ազատ լինի ընտրելու իր ապագան, այդ թվում տնտեսական և անվտանգության հարաբերությունները՝ չվախենալով Պուտինի վրեժխնդրությունից»։

Նմանատիպ նյութեր