211652_close_icon
views-count2281 դիտում article-date 22:56 18-01-2022

Հակակոռուպցիոն կոմիտեի կարծիքը որեւէ ողջամիտ մարդ չպիտի հաշվի առնի. փաստաբանը՝ Գասպարյանի մեղադրականը չհաստատելու մասին. NEWS.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որեւէ հանցագործություն չի կատարել, մեղադրանքը հիմարություն է։ Այս մասին NEWS.am-ին այսօր՝ հունվարի 18-ին, ասաց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը, ինչն էլ Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական է գնահատում։

«Հակակոռուպցիոն կոմիտեի կարծիքը, իմ համոզմամբ, որեւէ ողջամիտ մարդ չպետք է լսի եւ հաշվի առնի։ Չենք կարդացել դատախազության որոշումը, դրա վերաբերյալ կարծիք հայտնել չեմ կարող, բայց քրեական գործը հիվանդագին երեւակայության արդյունք է։ Այս գործում որեւէ հանցակազմ չկա։ Անգամ եթե Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման  ընթացքում նման բան արել է, միայն կարելի է պարգեւատրել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2000-2018 թվականների ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել եւ իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականներին կատարել է պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով եւ այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Նմանատիպ նյութեր