211652_close_icon
views-count2046 դիտում article-date 13:15 05-02-2022

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

 Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունը, որը վերջինս փետրվարի 3-ին արել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սումգայիթյան ջարդերի  34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում Կրիշնամուրթին նշել է, որ ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի վերսկսած ագրեսիան հայերի դեմ: Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու Արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծման:

Խոսելով 1988-1990 թվականներին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված տեղահանումների, բռնությունների ու ջարդերի մասին՝ կոնգրեսականը փաստել է, որ դրանց հաջորդած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը չդադարեց բռնություն կիրառել հայերի դեմ: «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու կրոնական վայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Այդ դեպքերից շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել ու տանջել 2020 թվականի հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս ստորագրած համատեղ հայտարարության, որը պահանջում էր ազատ արձակել բոլոր գերեվարվածներին:

Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին ես ցանկանում եմ շեշտել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները հիշելու կարևորությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ընդունել, որ նման կոտորածներ տեղի են ունեցել»,- նշել է կոնգրեսականը՝ հորդորելով պատժել բոլոր պատասխանատուներին, ովքեր նման սարսափելի հանցանքներ են իրականացրել և խուսափել ապագայում նմանօրինակ ողբերգությունների կրկնությունից:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիան  և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- նշել է կոնգրեսականը:

Նմանատիպ նյութեր