211652_close_icon
views-count75080 դիտում article-date 14:18 12-02-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen Jetta-ն ու հիվանդի տեղափոխող Եղեգնաձորի շտապօգնության ավտոմեքենան, երկաթե արգելապատնեշը խրվել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Էդռադ» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տարոն Մ-ի վարած Volkswagen Jetta մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝  59-ամյա Արմեն Խ-ի վարած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ Տարոն Մ-ն, նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Գեորգի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Արմեն Խ-ն, նրա ուղևորներ՝ «Եղեգնաձոր» ԲԿ-ի բուժքույր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 50-ամյա Նունե Լ-ն և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 86-ամյա Պետրոս Պ-ն, ում «Եղեգնաձոր» ԲԿ-ից տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «ԷրեբունԻ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Volkswagen-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը, որից հետո շտապօգնության ավտոմեքենայի մեջ խրված երկաթե արգելապատնեշը մեծ դժվարությամբ դուրս են բերել, ապա օգնել են մեքենաները քարշակով տեղափոխել անվտանգ վայր։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտալի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Տիգրան Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր