211652_close_icon
views-count6257 դիտում article-date 09:47 12-02-2022

«Գոլդեն Փելիսը» գնել են «փակովի» տարբերակով. ինչպես է համոզել գնորդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նոր սեփականատեր ունի:

Այն 5 մլրդ դրամով ձեռք է բերել ծնունդով եղվարդցի Նարեկ Նալբանդյանը՝ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընկերությունը հյուրանոցային բիզնեսում փորձ չունի, հիմնականում ալյուրի ու ձվի, քարի արտադրությամբ է զբաղվում: Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երկար ժամանակ գնորդ չունեցող «Գոլդեն փելեսը» միագամից գնորդ ունեցավ, որը մրցույթի միակ մասնակիցն էր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որ Նարեկ Նալբանդյանը մինչ հյուրանոցը գնելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ միանգամից չի կարող վճարել հյուրանոցի համար սահմանված 5 միլիարդ դրամը (մոտ 10 մլն դոլար) ուստի խնդրել է նախարարությանը որպեսզի իր համար 5 միլիարդը վճարելու ժամկետ սահմանվի:

Արդյունքում նախարարությունը Նարեկ Նալբանդյանին 5 տարվա ժամկետ է տվել, որ նա հյուրանոցի վաճառքի գումարը մարի: Ավելին, Նարեկ Նալբանդյանն էլ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում ասել է, որ այդ ժամանակահատվածում ե՛ւ հյուրանոցի վաճառքի գումարը կմարի, ե՛ւ միեւնույն ժամանակ ներդրում կանի հյուրանոցը ոտքի կանգնեցնելու համար: Ի դեպ, նշենք, որ հյուրանոցը վերջին շրջանում առավել անմխիթար վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2020 թվականին կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացրեցին այնտեղ:

Ի դեպ, նշենք, որ հյուրանոցի նոր սեփականատեր Նարեկ Նալբանդյանի գործունեությունից մեզ ուշագրավ այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել, մասնավորապես այն, որ նա նախկինում աշխատել է Գագիկ Ծառուկյանի մոտ, ավելին՝ ունի բավականին հարուստ աներ, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով, եւ նրա ներդրումը մեծ է եղել Նարեկ Նալբանդյանի՝ բիզնես ոլորտում հաջողության հասնելու հարցում:

Հավելենք նաև, որ Նարեկ Նալբանդյանը նախկինում ոստիկանությունում է աշխատել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր