211652_close_icon
views-count19121 դիտում article-date 20:26 13-02-2022

Հայաստանի ամենահայտնի գյուղերից մեկում՝ Արագածում, նշվեց Տեառնընդառաջը. գյուղը, որը 44-օրյա պատերազմում է նաև մի քանի լեգենդար հերոսներ տվել, ցույց տվեց, որ ամուր է կանգնած մայր հողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանում նշվում է եկեղեցական ամենասիրված տոներից մեկը՝ Տեառնընդառաջը:
 
Արագածոտնի մարզի Արագած գյուղը, որը hայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս, որտեղ պահպանվել ու շարունակվում է նմանատիպ տոները նշելու ավանդույթը, այսօր նույնպես նշվեց Տեառնընդառաջը:
 
Գյուղի եկեղեցում Արագած գյուղի հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա Գևորգյանը շնորհավորեց նորապսակներին, ապա ազդարարեց միջոցառմանը մեկնարկը:
 
Տեառնընդառաջի միջոցառմանը կենդանի կատարմամբ հանդես եկան Գարիկ Սիմոնյանն ու Նորայր Մխիթարյանը, ապա հայոց պարերով հանդես եկավ «Արագած» պարային համույթը:
 
Միջոցառման ավարտին վառվեց Տեառնընդառաջի խարույկը, ապա տեղի ունեցավ ավանդական ուտեստներով հյուրասիրություն:
 
Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը:
 
Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնություն, ինչը ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետեւ եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, ինչը խորհրդանշում է Աստծու լույսը: Տոնական խարույկի խորհուրդը, ըստ քրիստոնեական ավանդույթի, կապ չունի այն հեթանոսական խարույկների հետ, որոնք այսօր վառում են շենքերի բակերում:
 
Շրջանառության մեջ է ոչ աստվածաշնչյան այն պատմությունը, որ երբ մանուկ Հիսուսին բերել են տաճար, արեւելյան կողմի նախկինում չբացված դռները ուժեղ դղրդյունով բացվել են, եւ մարդիկ իրենց ճրագներով դուրս են եկել տներից՝ իմանալու համար, թե ինչու է այդպիսի աղմուկ բարձրացել՝ այսպիսով, ակամայից իրենց ձեռքի ճրագներով լուսավորելով Հիսուսի ճանապարհը:
 
Քրիստոնեական ավանդության կողմնակիցները սնոտիապաշտություն են համարում ժողովրդական ավանդության բաղադրիչները:
 
Ըստ Նոր Կտակարանի՝ մի սրբազան ավանդություն գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նույնպես Հիսուսին տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի ազնիվ եւ արդար ծերունի սպասում է Հիսուսին եւ տեսնելով նրան՝ Տիրոջը, ընդառաջ է գնում. ահա այստեղից է առաջացել տոնի անվանումը:


Լուսանկարները՝ Արմեն Ստրելցովի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր