211652_close_icon
views-count2219 դիտում article-date 21:59 20-02-2022

«Շուշիի հռչակագիրն»՝ ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի․ ինչպե՞ս կքվեարկի Փաշինյանի թիմը. Անդրանիկ Թևանյան

Առանց Արցախի Հայաստանի գոյության իմաստի ճգնաժամ է առաջանում, քանզի Հայաստանի անկախությունը 88–ի Ղարաբաղյան շարժման արդյունք է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
 
Հատված ՀՀ անկախության հռչակագրի նախաբանից․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ․․․, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա ․․․»։
 
Մեր արտաքին քաղաքականության մարտավարությունն, ըստ այդմ, տեղավորվում էր «Արցախի անկախություն՝ հետագայում վերամիավորվելու նպատակով» հայեցակարգի շրջանակներում։ Համենայնդեպս «Միացում» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներն այդ մասին էին։ Այդ հետո քաղաքականությունը դարձավ անբարոյական, քանզի Ղարաբաղը հայաստանյան քաղաքական էլիտայի մի մասը համարեց բեռ։ Ընդ որում՝ հակաղարաբաղյան կոդերը տարածվում էին նաև «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամներից ոմանց կողմից։
 
Էրդողանն ու Ալիևը Շուշիում ստորագրած հռչակագրով մարտահրավեր են նետել ՀՀ անկախության հռչակագրին ու Արցախի գոյությանը։
 
Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար «հիմնավորում» է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան», դրանով իսկ դուրս է գալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ ու ձայնակցում «Շուշիի հռչակագրին»։
 
Փետրվարի 23–ին ՀՀ ԱԺ–ում արտահերթ նիստ է հրավիրված։ Օրակարգում «Շուշիի հռչակագրի» դեմ մեր ներկայացրած բանաձևի ընդունումն է։
 
Որպես զեկուցող ես կներկայացնեմ այն բոլոր մարտահրավերները, որոնք կանգնած են մեր պետության առաջ։ «Շուշիի հռչակագիրը» Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դեմ է և դրան հնարավոր չէ չարձագանքել։
 
Ինչպե՞ս իրեն կպահի Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչպե՞ս կքվեարկի, կիմանանք 3 օրից։
 
Մեկ բան հստակ է՝ կողմ չքվեարկել մեր ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստին, նշանակում է կողմ քվեարկել «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկել ՀՀ անկախության հռչակագրին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր