211652_close_icon
views-count23781 դիտում article-date 18:18 24-02-2022

Յուրի Սաքունցի ռեկորդը. Ճկույթով 10 մետր քաշել է մետրոյի վագոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

sport.news.am-ը գրում է. Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը հերթական ռեկորդն է սահմանել, այս անգամ ճկույթով:

Փետրվարի 24-ին Երեւանի Կարեն Դեմրիճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում Յուրի Սաքունցը ճկույթով 10 մետր  վագոն (33 տոննա) տեղաշարժեց։ Սա համարվում է Գինեսի ռեկորդ եւ առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:

«Ճկույթով ռեկորդ սահմանելու միտք ունեցել եմ դեռ 16 տարեկանում, երբ առաջին անգամ էի ռեկորդ անում: Միշտ մտածել եմ այնպիսի ռեկորդ սահմանել, որ տարբերվող լինի: Մարդիկ քաշում են ատամներով, մազերով, ամբողջ մարմնով, ես որոշեցի ճկույթով ռեկորդ անել: Ճկույթ մատով ռեկորդներ անել սկսել եմ փոքր քաշ ունեցող մեքենաներից: Առաջին ռեկորդս եղել է 3 տոննա մեքենան: Տարիներ անց մարզումների արդյունքում այսօր 33 տոննա քաշ ունեցող գնացքի վագոն քաշեցի ճկույթով:

Բարդ է ճկույթով այդքան քաշ ունեցող վագոն, ավտոմեքենա, ավտոբուս տեղաշարժելը: Այդ ամենը մարմնի մկանային համակարգի ճիշտ կառավարումով է տեղի ունենում: Մարմնի մի մասով չես կարող, օրինակ, մեկ տոննա ծանրություն քաշել: Ես կենտրոնացնում եմ իմ մարմնի ամբողջ մկանային համակարգը, ինձ համար հենման կետ եմ գտնում, ճկույթով ճոպանն եմ ձգում, բայց ամբողջ մարմնիս ուժն եմ ներդնում դրանում: Մարդու մարմինն ունի 640-660 մկան: Այդ պահին ես դրանք դարձնում եմ մեկ մկան ու ուժս կենտրոնացնում եմ քաշելու պրոցեսի մեջ:

Սա Հայաստանի իմ 22-րդ ռեկորդն էր, աշխարհի 6-րդ եւ, եթե հաստատվի,  գինեսի 4-րդ ռեկորդ կլինի: Տեսանյութերը կուղարկենք Գինեսի հանձնաժողով, աշխարհի ռեկորդների տարբեր ասոցացիաներին, նաեւ հայտ եմ ուղարկել Արաբական Միացյալ  Էմիրություններ, քանի որ այնտեղ էլ ես գրանցված եմ որպես ռեկորդակիր: Կսպասենք Գինեսի ռեկորդի հանձնաժողովին եւ հաստատված վկայականին: Գործընթացը կտեւի շուրջ 6 ամիս: Գինեսի նախորդ ռեկորդս 2020 թվականի սեպտեմբերի 21-ին է եղել՝ ձեռքերի վրա քայլելով ատամներով 4 տոննա ավտոմեքենա եմ տեղաշարժել:

Ռեկորդս նվիրում եմ մեր զինվորներին, նաեւ Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայերին: Այսօր հատուկ համազգեստ էի կրում, որի հեղինակը ես էի. ձախ թեւիս Արցախի դրոշն է, աջին՝ Հայաստանի, եւ ուներ զինվորական համազգեստի նախշեր: Հատուկ այս ռեկորդի համար էի համազգեստը մտածել: Սա մի միջոց է, որ մեր ազգին եւս մեկ անգամ մեծարենք, համախմբենք, հպարտանալու առիթ տանք: Ամենակարեւոր ուղերձս ցանկացած առիթով մեր երախտիքի խոսքը պատերազմում զոհված հերոսներին ասելն է: Ռեկորդս նվիրվում է նրանց հիշատակին»,- ասաց Յուրի Սաքունցը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր