211652_close_icon
views-count9631 դիտում article-date 17:56 28-02-2022

Ռոման Աբրամովիչը մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, մեծ հավանականությամբ, մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին: Պատվիրակությունների հանդիպումն ընթանում է Բելառուսում՝ ուկրաինական սահմանից ոչ հեռու:
 
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, Ռուսաստանի և Ուկրաինայի հրեական համայնքների հետ սերտ հարաբերություններ ունեցող 55-ամյա ռուսաստանցի միլիարդատերը գտնվում է Բելառուսում՝ բանակցություններին իր նպաստը բերելու համար:
 
Այս տեղեկությունը հաստատել է պրոդյուսոր Ալեքսանդր Ռոդնյանսկին՝ հղում անելով Աբրամովիչի հետ զրույցին:
 
«Ուկրաինացիները Ռուսաստանում փորձել են գտնել մեկին, որը կկարողանար օգնել՝ գտնել խաղաղ լուծում: Նրանք դիմել են Ռոմանին, որն էլ որոշել է օժանդակել հարցի խաղաղ կարգավորման խնդրում», ասել է Կիևում ծնված Ռոդնյանսկին, որը սերտ կապեր ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա շրջապատի հետ:
 
Աբրամովիչի մամլո քարտուղարը չի մեկնաբանել է այս տեղեկությունները, սակայն հաստատել է, որ նրան դիմել են Ուկրաինայի պաշտոնատար անձինք: «Կարող եմ հաստատել, որ ուկրաինական կողմը դիմել է Ռոման Աբրամովիչին՝ խաղաղ կարգավորման հասնելու գործում աջակցություն ստանալու նպատակով, և այդ պահից ի վեր նա փորձում է օգնել:
 
Հաշվի առնելով, թե ինչի մասին է խոսքը, խնդրում ենք ընկալել, թե ինչու մենք չենք մեկնաբանել իրավիճակը, ոչ էլ՝ նրա մասնակցությունը», ասել է գործարարի ներկայացուցիչը:
 
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից լուսանկարներում Աբրամովիչը չկա:

Նմանատիպ նյութեր