211652_close_icon
views-count1361 դիտում article-date 09:37 11-03-2022

Շարունակում է խախտվել արցախցու՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախցին ամենօրյա ռեժիմով շարունակում է պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ. մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը հետեւողականորեն հրետակոծում է Արցախի մի շարք բնակավայրեր, իսկ մարտի 9-ին եւ 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետեւանքով նախօրեին Խրամորթ գյուղի բնակիչն իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մեջքի շրջանում վիրավորում է ստացել հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից:

Այս ամենը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի վարած ահաբեկչական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Դա արտահայտվում է նաեւ Արցախի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով, այդ թվում՝ բնակավայրերի մոտ ցուցադրաբար ծանր տեխնիկա կուտակելով։

«Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն եւ մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաեւ, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսեւորում է։ Մյուս կողմից՝ սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը»,- երեկ գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ հայտարարելով, որ վերոնշյալ դեպքերի մասին տեղեկություններն ուղարկելու է համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ նշել էր, որ միջազգային գործընկերները պետք է այս առնչությամբ իրենց հրատապ արձագանքը հայտնեն, քանի որ եթե այդ դեպքերը դիտարկվեն որպես սովորական սադրանք, ապա կրկնությունը լինելու է շատ ավելի վտանգավոր։

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրել էր արտահերթ նիստ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ, բնականաբար, ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ազգային ժողովը հանդես կգա հայտարարությամբ. «Օրակարգը նախատեսում է նաեւ մտքերի փոխանակություն, որտեղ արդեն յուրաքանչյուրն ըստ ցանկության կարող է ներկայացնել կուսակցության, խմբակցության կամ իր անձնական դիրքորոշումը։ Թե ինչ զարգացումներ կլինեն նիստի ժամանակ, այս պահին դժվար է հստակ ասել։ Առնվազն հայտարարություն նախատեսված է, մնացածը ցույց կտա ընթացքը»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր