211652_close_icon
views-count2354 դիտում article-date 14:35 23-03-2022

Փոփոխություններ եւ լրացում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում

Խորհրդարանը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:

Հարակից զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ փորձ է կատարվել նախագծի լեզուն եւ տերմինաբանությունը համաձայնեցնել միջազգային փաստաթղթերի հետ: Մասնավորապես՝ գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը: Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին, իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում՝ լրամշակել ներկայացված առաջարկություններով:

Նմանատիպ նյութեր