211652_close_icon
views-count93213 դիտում article-date 21:47 26-03-2022

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մարտի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Մեսրոպ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենց փողոցի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցող մոտ 65-70 տարեկան կին հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և Երևանի գնդի պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը։ 

Ժամանել են նաև նույն գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Էդգար Գրիգորյանը և Վլադիմիր Վաթյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վարերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ մեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։ Նրա ինքնազգացողությանը վատացել էր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեց նրան։

Վարորդը Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվելու է քննչական բաժին։
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր