211652_close_icon
views-count1330 դիտում article-date 16:46 01-04-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է  Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային, մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը:

Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութենի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը:

Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը:

Նմանատիպ նյութեր