211652_close_icon
views-count2490 դիտում article-date 19:22 15-04-2022

Նոր անուն հայկական գեղասահքում

Նոր  մարզիկ է հայտնվել Հայաստանի գեղասահքում: Նա Սեմյոն Դանիլյանցն է: 15-ամյա պատանին մոսկվացի է, փոքր հասակից հաճախում է հանրահայտ չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անվան  գեղասահքի ակադեմիա և պարապում է անձնական մարզիչ, հեղինակավոր մասնագետ Ալեքսանդր Վոլկովի գլխավորությամբ:

Ընտանեկան զրույցները  նրա մոտ սեր և հարգանք են ներշնչել հայրենիքի հանդեպ: Պատահական չէ, որ դեռևս մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:  Եվ ահա Սեմյոնի նորամուտը Տալլինում  ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում: Այդ խոշոր ստուգատեսը և պատասխանատվությունը ինչ –որ չափով լարվածություն են ստեղծել հայ մենասահորդի գործողություններում:

Այնուամենայնիվ, առաջին պաշտոնական խոշոր մրցաշարում,  կարճ ծրագրով նրա ելույթը դրական է գնահատվել: Հեշտ չէ 33 մենասահորդների մրցավեճում  ճանաչվել 25 –րդը: Արդյունքը վատ չէ: Համենայնդեպս այդ են ասում մասնագետները: Բայց Սեմյոնը թախծել է,  քանզի նրան ընդամենը մեկ աստիճան չի բավարարել դառնալ 24 –րդը ու մտնել հաջորդ փուլ:

Հավատում ենք, որ նա կթոթափի լարվածությունը և իրեն հատուկ վստահությամբ և   անկաշկանդ գործողություններով բարձր տեղեր կգրավի: Այսպես մտածելու հիմքեր կան, մանավանդ, որ  հայորդին քանիցս առաջինն  է ճանաչվել անծայրածիր Ռուսաստանում անցկացված պատանեկան  ստուգատեսներում:

Մարզասերներին տեղեկացնենք, որ Սեմյոնի ելույթներին  կարող են ականատես լինել  մայիսի 27 –ին սկսվող Հայաստանի առաջնությունում  և  սեպտեմբերին նախատեսված աշխարհի գավաթի երևանյան  խաղարկության փուլում:

Նմանատիպ նյութեր