211652_close_icon
views-count2149 դիտում article-date 10:51 23-04-2022

«Ծանր ժառանգության» մասին․ պետք է հետևողական լինել և հայտարարել, որ Երրորդ հանրապետությունն այլևս գոյություն չունի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Էդմոն Մարուքյանը գտնում է, որ իր ներկայիս ղեկավար Փաշինյանը նախկիններից ծանր բանակցային ժառանգություն է ստացել եւ, հետեւաբար, վարչապետին այլեւս ոչ մի բան չէր մնում, քան պատերազմի մեջ մտնելը, պատերազմում պարտվելը եւ այժմ պարտվածի դիրքերից բանակցություններ վարելը:

Դա, մեղմ ասած, այդպես չէ, ինչի մասին մի քանի անգամ արդեն առիթ եմ ունեցել գրելու. մասնավորապես 2019 թվականի հունիսին Փաշինյանը հնարավորություն ուներ ընդունելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որը բոլոր առումներով ապահովում էր անհամեմատ ավելի բարվոք վիճակ, քան մենք հիմա ունենք՝ ռազմական պարտության պտուղները «վայելելիս»: Դեսպանն անգամ դեմ է «պարտություն» բառն արտասանելուն՝ կարծես թե Արցախի 70 տոկոսը կորցնելը կարելի է այլ կերպ անվանել: (Դա մի քիչ հիշեցնում է Ռուսաստանի իշխանությունների՝ «պատերազմ» բառն օգտագործելու արգելքը):

Մի խոսքով, Մարուքյանը կրկնում է ՔՊ-ի քարոզչական թեզերը՝ չնայած նրա կուսակցությունն այլ անվանում ունի: Նման դեպքեր արդեն պատահել են Երրորդ հանրապետության պատմության մեջ: Հիշեցնեմ, օրինակ, որ Արտաշես Գեղամյանը եւ Խոսրով Հարությունյանը ձեւականորեն ներկայացնում էին համապատասխանաբար Ազգային Միաբանությունը եւ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, բայց ուղնուծուծով ՀՀԿ-ական էին: Երբ լրագրողը «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ նա խորհրդարանական ամբիոնից ներկա իշխանությանը կոչ էր անում ամեն ինչ չբարդել նախկինների վրա եւ կրել պատասխանատվության իրենց բաժինը, Մարուքյանն, ի պատասխան, հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզելային վառելիքի հափշտակության հետ կապված պատմությունների մեջ:

Ինչ խոսք, եթե մարդը մտնում է ՔՊ-ականի դերի մեջ, նրա փաստարկների տրամաբանությունն էլ պետք է լինի համապատասխան մակարդակի. նախորդների կոռուպցիան, իհարկե, միանգամայն «արդարացնում է» ներկաների ձախողումները: Բայց ես ուզում եմ առանձին անդրադառնալ ՔՊ-ականների եւ նրանց արբանյակների հիմնական թեզին, որն առնչվում է «ծանր ժառանգությանը»:

Թերթեք ժապավենը՝ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց քարոզիչների ելույթներով ու հարցազրույցներով, ու կտեսնեք, որ դրանց բոլորի հիմքում ոչ թե ապագայի տեսլականն է, այլ հետահայաց քննադատությունը: «Վատ ժառանգության» պատմական խորությունն անչափելի է՝ երբեմն այն սկսվում է Տիգրան Մեծից։ Վերջերս էլ իշխող կուսակցությունը ներկայացնող մի պատգամավոր պնդում էր, որ 90-ականներին Արցախն ազատագրելն էր «վատ ժառանգություն», որի տակից նրանք հիմա, մեծ ջանքեր գործադրելով, փորձում են դուրս գալ։

Դա զավեշտալի կլիներ, եթե նման մոտեցմամբ չմերժվեին Երրորդ հանրապետության ստեղծման հիմքերը, առաջին հերթին՝ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագիրը, որի նախաբանում գրված է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման, իսկ 11-րդ կետում՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին: Հայաստանյան քաղաքական գործիչները, ելնելով այսրոպեական շահերից, փաստացի ասում են, որ պետությունը սխալ հիմքերի վրա է կառուցված: Կարծում եմ, այդ դեպքում պետք է հետեւողական լինել եւ հայտարարել, որ Երրորդ հանրապետությունն այլեւս գոյություն չունի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր