211652_close_icon
views-count1280 դիտում article-date 18:52 26-04-2022

Արթուր Դավթյանը դատախազության դիմաց հանդիպեց զոհված զինծառայողների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներին, առաջարկեց ներսում քննարկել հարցերը

Tert.am-ը գրում է. Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների ծնողները: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտեցավ՝ հանդիպելու նրանց հետ։

«Խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղաների շիրիմների առջև։ Այս պատերազմի ընթացքում հազարավոր հերոսներ ենք կորցրել, տասնյակ հազարավորներն էլ կանգնած են եղել առաջնագծում, և ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք։ Ես ձեր ցավը հասկացել եմ և հասկանում եմ ամեն օր, դրա համար իջել եմ այստեղ, որովհետև արտառոց իրավիճակի հետ մենք գործ ունենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ երբևէ նման իրավիճակում քրեական գործ քննվի, սա քաղաքական մարմին չէ, մենք գործ ունենք բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակի հետ»,֊ասաց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է օրեր առաջ Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացված հաղորդմանը և,հայտնեց, որ այդ պարագայում էլ դատախազությունը չի առաջնորդվել այնպես, ինչպես սովորական իրավիճակներում։

«Այսինքն՝ գրավոր չենք իրազեկել, այլ հաջորդ օրը հրավիրել ենք մի քանի ծնողների դատախազություն։ Բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու համար»,- ասաց Դավթյանը։

Անդրադառնալով վարչապետի`ապրիլի 13֊ին Ազգային ժողովում արած հայտարարությանը, թե պատերազմը կանխել հնարավոր՝ առանց զոհերի, Արթուր Դավթյանն ասաց. «Եթե առանց պաշպանության մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանք չէր լինելո՞ւ, շատ կարևոր են այստեղ հանգամանքները, թե ինչ իրավիճակ է եղել, ինչ տվյալներ ենք ունեցել և այլն»։

Գլխավոր Դատախազը առաջարկեց՝ քանի որ կան բազմաթիվ դետալային հարցեր, ծնողներից ընտրել 10 հոգու և ներսում քննարկել բոլոր հարցերը, ծնողները, սակայն, չհամաձայնվեցին, ինչից հետո Արթուր Դավթյանը հեռացավ։

Նմանատիպ նյութեր