Մենք պետք է դուրս վռնդենք կապիտուլյանտների շայկային. Շարմազանով. News.am
Իշխանություններն ամեն ինչ լավ էլ նկատում են, պարզապես փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը, հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն. «Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։ Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է հեռանա»։
News.am-ի փոխանցմամբ՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա կուսակցական շարժում չէ, թեև կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, բայց սա Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։
«Մենք պետք է դուրս վռնդենք կապիտուլյանտների շայկային, որոնք մեր 30-ամյա հաղթանակները սարքեցին պարտություն, որոնք պատերամզ բերեցին, Նիկոլն ինքը պատերազմի խորհրդանիշ է, ինքը բերել է պատերազմ։ 5000 երեխու մահվան, զոհաբերության գլխավոր մեղավորն ու պատճառն է, ինքն է դա խոստովանել։ Ինքը Շուշին ու Հադրութը տվել է, Հայաստանը տալիս է, մնում է որ ի՞նչ անի։ Դա չեմ հասկանում։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց քաղաքական գործիչը։