Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, առանձնահատուկ ընդգծվել տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը:
Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ալ Հաջրաֆի, Քարֆուր հիպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ալեն Բեյջանիի, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայիի հետ:
Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, տնտեսական զարգացումների, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին: