211652_close_icon
views-count2170 դիտում article-date 13:45 09-06-2022

Պետությունը կմարի սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը՝ 10 տարում մինչեւ 20,6 մլն դրամով

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը: Նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին։

Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Վարկային բեռը թեթեւացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական տանը՝ իրենց իսկ նախընտրած գյուղական բնակավայրում: Աջակցությունը տրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կողմից տրամադրված հիպոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է վարկի ամենամսյա մայր գումարի եւ տոկոսագումարների մարմանը: Աջակցությունը տրամադրվում է վարկի մայր գումարի 12 մլն դրամի եւ դրա գծով մինչեւ 12 տոկոս հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում աջակցության գումարը կազմելու է 20 մլն 660 հազար դրամ:

Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում՝ գրանված ամուսինները, որոնցից  առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման»,-ասաց նախարարը:

Նշենք, որ Հանրապետությունում ներկայումս առկա է 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում, մինչդեռ մինչև 2020 թվականի՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմը սահմանամերձ գյուղական բնակավայրերի թիվը կազմում էր 36, որոնք ընդգրկված էին նշված մարզերում, բացառությամբ Սյունիքի մարզի։ Պատերազմի հետևանքով սահմանային ճակատի փոփոխության արդյունքում սահմանամերձ բնակավայրերի թվում ներառվեցին նաև Սյունիքի մարզի թվով 37 բնակավայր, ինչպես նաև 6 բնակավայր Գեղարքունիքի մարզից։

Սահմանամերձ գյուղերի բնակչության նվազման ռիսկը մեծանում է հատկապես սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված նոր բնակավայրերում՝ անվտանգային, հոգեբանական պատճառներից ելնելով, ինչպես նաև հետագայում սահմանամերձ գյուղերում սոցիալ-տնտեսական վիճակի նկատմամբ բացասական սպասումները բնակչության շրջանում։

Ժողովրդագրության տեսանկյունից, ինչպես նաև անվտանգային առումով կարևոր խնդիրներից է նվազեցնել վերոնշյալ ռիսկերը և կանխարգելել բնակչության հնարավոր միգրացիոն շարժերը` սահմանամերձ գյուղերին ուղղված լրացուցիչ միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու միջոցով։

Պետական գործող մի շարք ծրագրերում չկան բնակարանային պայմանների բարելավմանն ուղղակիորեն նպաստող աջակցության ձևեր, մասնակիորեն բացառություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի մայիսի 14-ին ընդունված թիվ 968-Լ որոշման, որը վերաբերում է միայն երեխա ունեցող ընտանիքներին, և ուղղված է այն ընտանիքներին, ցանկանում են ձեռք բերել բնակարան հիփոթեքի միջոցով, ինչպես նաև արդեն գործող հիփոթեքային վարկ ունեցող և ընտանիքում երեխայի ծնունդ ունեցող ընտանիքներին։

Հարկ է նշել, որ նախորդ պարբերությամբ նշված ծրագրերին դիմելու դեպքում սահմանամերձ գյուղի շահառուն օգտվում է ծրագրից ընդհանուր պայմաններով, այսինքն չկան սահմանամերձ բնակավայրերի մասով արտոնյալ կամ առավել բարենպաստ պայմաններ։ Բացի դրանից, ծրագրերը չեն տալիս հնարավորություն աջակցել այն ընտանիքներին, որոնք դեռ չունեն երեխա, և աջակցությունից դուրս են հատկապես նորաստեղծ և երիտասարդ ընտանիքները, որոնք մինչև երեխայի պլանավորումը, հնարավություն կարող էին ունենալ բարելավել բնակարանային պայմանները՝ սեփական տուն ունենալու համար աջակցություն ստանալու ձևով։

Նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Նախագծի ընդունման կապակցությամբ 2022 թվականի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 137.7 մլն դրամի չափով:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել բնակարանային ապահո-վության խնդիր ունեցող ընտանիքների Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

Նմանատիպ նյութեր