211652_close_icon
views-count5321 դիտում article-date 21:12 09-06-2022

«ՍԱՍ»-ի Արտակի կողմից արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու դեպքով քրեական գործ է հարուցվել

«ՍԱՍ»-ի Արտակ մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու փաստի առթիվ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա:

Քրեական գործի հարուցման առիթը եղել է ապրիլի 29-ին «Հետք»-ում հրապարակված ««ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները» վերնագրով հետաքննությունը։

«Հետք»-ը գրել էր, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել արտերկրում՝ Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել Վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։

Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։


   

Նմանատիպ նյութեր