211652_close_icon
views-count2037 դիտում article-date 16:31 16-06-2022

ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը. Կոնջորյան. News.am-

Հաստատում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: հայտնում է News.am-ը։

«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիատական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Աննա Վարդապետյանը լինելով վարչապետի օգնական, նրան կարելի է նաեւ թիմի անդամ համարել, արդյոք նրա անաչառության հարցը դրանով չի դրվում կասկածի տակ, մասնավորապես, նա ինչպես է վարչապետի դեմ կամ կողմ որոշումներ կայացնելու, Կոնջորյանը պատասխանեց. «Աննա Վարդապետյանը կուսակցական չէ: Ես վստահ եմ, որ տիկին Վարդապետյնն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն լիազորված գործողությունները եւ լինելու է Սահմանադրության, օրենսդրության եւ իր խղճի առջեւ մաքուր ու պատասխանատու: Դուք հարցնում եք անաչառության մասին, մենք ունեցել ենք էլի թեկնածուներ, որտեղ այս դիտարկումը եւս արել են, բայց ես կարծում եմ, որ այդ դիտարկումները չի կարելի պրոյեկտել բոլորի վրա: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա խմբակցությունը քաղաքական մարմին է, ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ որեւէ մեկը կարող է ասել, որ եթե ձեր խմբակցությունն է առաջադրում եւ ընտրում, ապա դրանով չի՞ ստացվի, որ  թեկնածուն ինչ-որ առումով ձեզնից կաշկանդված է: Եթե դրանով առաջնորդվենք, ապա խեղաթյուրվում է ընդհանրապես պառլամենտարիզմի էությունը: ԱԺ-ն է ընտրում գլխավոր դատախազին, ընտրում է է նաեւ դատական համակարգի ինչ-որ պաշտոնյաների: Դա չի նշանակում, որ այդ մարդիկ ավտոմատ փոխկապակցված են եւ կաշկանդված են լինելու իրենց որոշումներում»:

Հիշեցմանը, որ Աննա Վարդապետյանի անունը կապվեց սկանդալի հետ, ըստ որի նա Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդուն վերաբերող գործն էր խմբագրել, արդյոք դա չի մտահոգում ՔՊ-ին, Հայկ Կոնջորյանն ասաց. «Բոլոր պետական պաշտոնյաները պարտավոր են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով եւ Սահմանադրությամբ: Եթե այս կամ այն պաշտոնյան, անկախ իր կարգավիճակից, կատարում է մի գործողություն, որն իրավական պետությունում կարող է դիտարկվել հիմնավոր եւ ապացուցվել, որ չի համապատասխանում վերոնշյալ չափանիշներին, ապա մենք իրավական պետություն ենք եւ այդ հարցով պետք է իրավական որոշում կայացվի: Ես գիտեմ, որ ձեր մատնանշած օրինակով դա չի համապատասխանում այն համատեքստին, որը փորձ էր արվում այդ սկանդալի մեջ ներկայացնել: Ես գիտեմ, որ բազմաթիվ պաշտոնյաներ, իրենց պաշտոնի բերումով, իրենց գործողությունների արդյունքում  կարող են դառնալ այս կամ այն խմբի, մեդիա շրջանակների թիրախի կենտրոնում, եւ կարծում եմ՝  ձեր մատնաշած դեպքը եղել է թիրախավորման արդյունք եւ, բնականաբար, այդ թիրախավորումը որեւէ կապ չունի իրականության հետ, այն մեղադրանքների հետ, որոնք հնչեցվում են»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Նմանատիպ նյութեր