211652_close_icon
views-count1607 դիտում article-date 20:36 25-06-2022

Փաշինյանը և Պուտինը հաստատել էին Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը. ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է առաջնորդների համատեղ հայտարարության 24-րդ կետը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է.

«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին:

Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակում կառուցողական աշխատանքի շարունակման եւ երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում:

Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման իր պատրաստակամությունը եւ հանձնառությունը»,- ասված է  հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր