211652_close_icon
views-count129394 դիտում article-date 10:32 27-06-2022

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ԳԱԶ 53-ն ու Opel-ը, վերջինս կոտրել է շինության բետոնե հենասյուներն ու գլխիվայր շրջվել, Opel-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 50-ամյա Արթուր Մանուկյանի վարած ԳԱԶ 53 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Լևոն Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, հարվածել շինության բետոնե 2 հենասյուներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազալցակայանի հարևանությամբ տեղադրված ցայտաղբյուրի մոտ։ 

Վթարի հետևանքով ԳԱԶ 53-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Օպերատիվ են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, մինչր ԳԱԶ 53-ի վարորդին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել սպայական դասակի ավագ տեսուչներ Նորիկ Թադևոսյանն ու Արմեն Զաքարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ՀԿԳ ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր