211652_close_icon
views-count17964 դիտում article-date 23:06 28-06-2022

«Գործարանը 40 դրամով է վերցնում, արա՛, խի՞ ես 40 դրամով վերցնում, մարդիկ էշություն անեն, դու նստած միլիոններ շփես»․ Արմաշի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները լուրջ խնդրի առջև են կանգնել․ ծիրանը հասել՝ թափվում է ծառերի տակ, բայց գնորդ չկա։ Մարզում գտնվող չրի գործարանն էլ բերքը ծայրահեղ ցածր գնով է մթերում՝ 40 դրամով։

Գյուղացիներից Տիգրան Մաթևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ տեսնելով Կառավարության անտարբերությունը, դեռ 1 ամիս առաջ էր ահազանգում, որ ծիրանի իրացման հետ կապված լուրջ խնդիր են ունենալու, ինչը վերաբերելու է նախ Լարսով դեպի ռուսական շուկա արտահանմանը․

«Ճիշտ է, Լարսի փլուզումն ինչ-որ մեկի հետ կապ չունի՝ բնական աղետ է, բայց Կառավարությունը մինչ այս պետք է այլընտրանքային ճանապարհներ մտածեր՝ ծովով, օդով բերքը դուրս հանելու ուղղությամբ։

Գյուղացին ինչի՞ պետք է մտածի՝ իր բերքը տանի շուկա՝ իրացնի։ Գյուղացին պետք է մշակի, հողը նորմալ տիրություն անի, բերքը ստանա, վաճառականներն էլ գան՝ գյուղացուց տանեն․․․ Մի անգամ ես բարձեցի՝ տարա Երևան, մի ամբողջ օր կորցրեցի, ծիրանն էլ վայրկյան-վայրկյան հասունանում է, որակն ընկնում է․․․»։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ծիրան հավաքելու համար աշխատողներ են եկել Արմաշ։ Այս տարի բերքը հավաքելու համար 1 աշխատողին 10.000-15.000 դրամ են վճարել, եթե բերքահավաքի առաջին օրերին այգետերերը կարողանում էին վարձատրել աշխատողներին, այսօր դա ևս խնդիր է, ծիրանն այնքան է էժանացել, որ հավաքված բերքը չի բավարարում անգամ աշխատողներին վճարելու համար։

«Մեր ընկերներից մեկը բերել էր քաղողներ, 136.000 դրամ տվել էր քաղողներին՝ իրենց սնունդով, հավաքած բերքը տարել՝ ծախել էր, 110.000 դրամ փող էր արել։ Այսինքն՝ էդ մարդը 20.000 էլ իր գրպանից էր գումար դրել, որ բերքը քաղողներին տար։ Հիմա էդ մարդն ի՞նչ անի, էդ մարդու վնասն ո՞վ է փոխհատուցելու․․․

Ծիրանը 150-200 դրամ է դարձել, ասում են՝ թանկ է, ախր դրա թանկը ո՞րն է։ Էդ թանկ ասողները թող էն տժժան շոգին գան՝ 5 րոպե կանգնեն արևի տակ, ես իմ կողմից մի դույլ ընտիր ծիրան հավաքեմ՝ նվեր տամ․․․»,- ասաց Արմաշի բնակիչը։

Տիգրանին հարցրեցինք՝ որպես գյուղատնտես՝ ինչպե՞ս է գնահատում Կառավարության, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարության, հենց նախարարի աշխատանքը․

«Խոսելը, ասելը լրիվ ուրիշ է, գործելը՝ ուրիշ։ Էկոնոմիկայի նախարարը շատ բաներ ասել է, բայց հետո կանգնել, ասել է՝ հանաք եմ արել։ Կարող է՝ էս էլ է հանաքով ասել, ասել է՝ տղերք, շուլուխչի մարդ եմ, հանաքով բան եմ ասում, ինձնից մի նեղացեք։ Կառավարությունը, որի մեջ նաև Էկոնոմիկայի նախարարությունն է մտնում, պետք է մի քանի ամիս առաջ ուղիներն արդեն գտած լինեին։

Ես շատ շնորհակալ կլինեի, եթե որևէ գործարար գար ու մեր գյուղում հսկա սառնարան դներ, որ կարողանար 20.000 տոննա ծիրան մթերեր։ Բնականաբար, բերքահավաքի ժամանակ այդտեղ և՛ մթերում կլիներ, և՛ արտահանում կլիներ, սենց վիճակի մեջ չէին ընկնի գյուղացիները․․․»։

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր