211652_close_icon
views-count574 դիտում article-date 15:58 30-06-2022

Բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոթաղիի և դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Խավարի Փուրիի հետ։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները զարգացնելու և ավելի ամրապնդելու համար փոխնախարար Սիմոնյանը առաջարկել է երկու երկրների բեռնափոխադրողներին ազատել հարկերից, տուրքերից, ինչպես նաև բարելավել թեթև-մարդատար տրանսպորտային միջոցներով երկու երկրներ մուտք ու ելքի պայմանները։

Արմեն Սիմոնյանը նշել է, որ բեռնափոխադրողներին հարկերից ազատելը լուրջ և դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների, տնտեսությունների ակտիվացման և ապրանքների վերջնական գնի ձևավորման համար, ինչպես նաև թույլ կտա իրանական կողմին դիտարկել Հայաստանը, որպես ավելի գրավիչ երկիր՝ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Ալի Մոթաղին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նույնպես կարևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունները նշել է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ ավելի զարգացնելու այդ հարաբերությունները։

Բեռնափոխադրողներից գանձվող հարկերի վերաբերյալ փոխդեսպանը նշել է, որ հարկերից ազատումը կամ նվազեցումը կարևոր և արդյունավետ քայլ կլինի երկու երկրների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։

Նմանատիպ նյութեր