211652_close_icon
views-count2799 դիտում article-date 12:49 01-07-2022

Ազգային ժողովն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց փոխնախագահի և հանձնաժողովի նախագահի պաշտոններից

ՀՀ ազգային ժողովը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, նաև դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում ինչպես այդ հարցերի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը չեն մասնակցել երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերի հարցով փակ, գաղտնի քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորը երկու դեպքում էլ կողմ էին քվեարկել:

Նախագծերը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հիմնավորելով ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու իրենց նախաձեռնությունը,  մասնավորապես նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը ձախողել է կատարել ԱԺ փոխնախագահի իր լիազորությունները: Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: «Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշել էր Ջուլհակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով  Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, նշել էր, որ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Իշխանական պատգամավորները հայտնել էին, որ ՔՊ-ն հետագայում մտադիր է ԱԺ փոխնախագահ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել ընդդիմադիրների, որոնք հավուր պատշաճի կկաատարեն իրենց պարտականութունները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, նրանք փողոցային պայքար են սկսել:

Նմանատիպ նյութեր