211652_close_icon
views-count1911 դիտում article-date 13:50 12-07-2022

Չափազանց կարևոր քայլ է․ Մարուքյանը՝ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցի մասին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։

Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։

Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Նմանատիպ նյութեր