211652_close_icon
views-count1655 դիտում article-date 14:05 18-07-2022

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի  սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում:

Ինչպես հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով:

Ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը)  պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 22-ը  ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected]

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ:

Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նմանատիպ նյութեր