211652_close_icon
views-count1712 դիտում article-date 20:54 25-07-2022

Գազաբալոնների ճնշափորձարկում չանցած մեքենաների լիցքավորումը օգոստոսի 1-ից կարգելվի․ վարորդներին պարեկային ծառայությունը դրա համար չի տուգանի

Օգոստոսի 1-ից գազաբալոնային համակարգերով շահագործվող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն, առանց գազաբալոնների վկայագրման, գազալցակայաններում լիցքավորելու թույլտվություն չեն ունենա։ Օրենքն ուժի մեջ է փետրվարից, բայց գազաբալոնների ստուգաչափման և վկայագրման, ինչպես նաև գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպությունների լիցենզավորման համար տրվել էր վեց ամիս ժամկետ, նախատեսելով, որ մոտ 450 հազար ավտոմեքենաները կհասցնեն գործընթացն ավարտել, բայց Հայաստանում գործող  լիցենզավորված 23 կազմակերպություններում դարձյալ  հերթեր են:

Շիրակի մարզում լիցենզավորված 3 կազմակերպություն է գործում,  ժամկետի ավարտին մեկ շաբաթ է մնացել և Շիրակի մարզի  ճնշափորձաքննող  լաբորատորիաներ են հասնում  անգամ հարևան մարզերից:

«16 ժամյա գրաֆիկի ենք անցել արդեն, ցանկանում ենք երկու հերթափոխով աշխատել։ Քանի որ սարքավորումները չէին համապատասխանում  ամբողջական երկու հերթափոխով աշխատելու պահանջներին, հիմա այդ հարցը կարգավորել ենք, փորձում ենք որքան հնարավոր է սպասարկել վարորդներին, որ էս կուտակումները   վերջանան»,- նշում է գազաբալոններ ճնշափորձարկող ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Արտակ Գևորգյանը։

Գազաբալոններ ճնշափորձակող և վկայագրող ընկերությունները ստիպված անցել են հերթագրումների, օրենքի  պարտադիր կիրառման ժամկետի մոտենալուն զուգահեռ, օրական մեքենաների թիվն է ավելանում, բայց շատ մեքենաների  հերթ կհասնի օրենքի կիրառումից հետո միայն։

«Էս պահի դրությամբ, երևի օրական մի 100 հոգու գրանցում ենք կատարում։ Դժգոհություններ կան, որ մինչև օգոստոսի մեկը չեն կարողանում գրանցվել ու սպասարկվել, շատերի հերթը դրանից հետո է հասնելու»,- ասում է ճնշափորձարկող ընկերության աշխատակից Արփինե Մեսելյանը։

Մեկ  ավտոմեքենայի գազաբալոնի ճնշափորձարկումը տևում է  մոտ մեկ ժամ։ Փորձաքննությունների ընթացքում գազաբալոնները  ստուգաչափվում են, լվացվում հատուկ սարքերի ու խցիկների  միջոցով, ստուգվում են  պատերի  հաստությունն ու հնարավոր ճաքերի առկայությունը: Որոշ դեպքերում մասնագետները պարզում են, որ գազաբալոնների 10 տոկոսը շահագործման համար այլևս պիտանի չէ և ենթակա է կա՛մ փոխարինման, կա՛մ խոտանման:

Փորձաքննություն անցած բոլոր ավտոմեքենաների տվյալները մուտքագրվում են  միասնական էլեկտրոնային շտեմարան, որի վերջնական  տարբերակը դեռ մշակված չէր: Մասնագետները մինչև օգոստոսի մեկը  պարտադիր էլեկտրոնային բազա են մուտքագրելու անցած վեց ամիսների ընթացքում փորձաքննություն անցած բոլոր տրանսպորտային միջոցների տվյալները:

Էլեկտրոնային շտեմարանի տվյալները հասանելի են համարվելու բոլոր գազալցակայաններում։ Լիցքավորելուց առաջ լցակայանի աշխատակիցը պարտավոր է համակարգում ստուգել ավտոմեքենայի տվյալները, դրանց բացակայության դեպքում  լիցքավորումն արգելվում է, հակառակ դեպքում գազալցակայանները կտուգանվեն։ Գործընթացը պարզաբանում է տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պատասխանատուն։

«Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացնելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների  լիցքավորումն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի  երկու հարյուրապատիկի չափով, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տուգանքը  կրկնապատկվում է։ Արդեն դիմել ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որ գազալցակայաններում էլեկտրոնային համակարգերում տեղադրվեն այնպիսի սարքեր, որ մենք էդ ամբողջ ձայնագրությունները կարողանանք վերահսկելի դարձնել»,-պարզաբանում է ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը։

Գազալցակայանների վերահսկողական գործառույթը վերապահված է քաղաքաշինության և հրդեհային տեսչական մարմնի տեսուչներին: Տուգանք է նախաեսված նաև այն վկայագրող ընկերությունների նկատմամբ, որոնք առանց ճնշափորձարկման վկայագիր կտրամադրեն վարորդներին կամ ոչ հավաստի ու սխալ տեղեկատվություն կմուտքագրեն էլեկտրոնային շտեմարան: Տեսչական մարմինը գործընթացը վերահսկելու է գազալցականներում տեղադրվող հատուկ սարքավորումներով:

Վերահսկող մարմնի պատասխանատուն հայտնում է նաև, որ օրենքի կիրառման երկարաձգում չի լինելու, օգոստոսի մեկից գազաբալոնային համակարգով շահագործվող բոլոր ավտոմեքենաները կլիցքավորվեն միայն համապատասխան փորձաքննություն անցած լինելու փաստաթուղթ ունենալու և շտեմարանում տվյալները նույնականացնելուց հետո: Եվ վարորդներին հետաքրքրող մեկ հարցի մասին ևս․ օգոստոսի մեկից փորձաքննություն չանցած տրանսպորտային միջոցների վարորդներին պարեկային ծառայությունը չի տուգանելու: Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից։

Նմանատիպ նյութեր