211652_close_icon
views-count2146 դիտում article-date 23:30 10-08-2022

Անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել

«Հայրենակիցնե՛ր,

Այս օրերին ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք: ՀՀ ձախողած իշխանություններն այս անգամ ևս ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածությունների ճանապարհով տանում են Հայրենիքի տարածքի հերթական հանձնման: Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչության տարհանումը և այդ բնակավայրերի հանձնումը թշնամուն մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտության ենթարկված իշխանությունը ունակություն չունի կառավարելի դարձնելու բանակցություններն ու ներազդելու քաղաքական գործընթացների ու զարգացումների վրա։

Արձանագրելով, որ Արցախի իշխանությունը կրում է պատասխանատվության իր չափաբաժինը, անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը։

ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է Արցախի ազատագրված շրջանների վերաբնակեցման և տնտեսության զարգացման գործի ջատագովն ու նեցուկը: ՀՅԴ մարմինների թելադրանքով Քաշաթաղի շրջանում բնակություն են հաստատել և գործունեություն ծավալել Արցախի, Հայաստանի շրջանների և Սփյուռքահայ մեր հայրենակիցները: Շրջանի կայացման և զարգացման գործում զգալի ներդրումներ են ունեցել զանազան բարեգործական և ներդրումային կազմակերպություններ: Այս առումով ՀՅԴ-ի Արցախի կառույցի համար կրկնակի ծանր է ու ցավալի հայրենակերտման ուղղությամբ տարված աշխատանքների ձախողման այս հանգրվանը: Այնուհանդերձ, համոզված ենք, որ Արցախի տեղահանված ազգաբնակչության՝ պետականորեն կազմակերպված վերաբնակեցումը և նրանց սոցիալական հարցերի լուծումը մնում է օրախնդիր, ինչն անհնարին և անիրագործելի է առանց համայն հայության ջանքերի մեկտեղման։

Վերադառնալով ՀՀ իշխանությունների թրքահաճո քաղաքականությանը, որը ժամանակ առ ժամանակ արժանանում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դրվատանքներին, պետք է ասել, որ յուրաքանչյուր պահ մթնոլորտը հղի է անակնկալներով և նորանոր աղետների արձանագրման վտանգով: Հատկապես մտահոգության առարկա են Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի արդյունքում ՀՀ-ն պարտավորված է լինելու ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անորոշ ճակատագրի է մատնելու Արցախի Հանրապետության ապագան: Այս համայնապատկերում զգալի են թուրք-ադրբեջանական դաշնակցային քաղաքականության նոր նկրտումները՝ Արցախի Պաշտպանական բանակը ցրելու և Արցախի ժողովրդին ինքնապաշտպանության իրավունքից զրկելու ուղղությամբ:

Բարձր գնահատելով հանդերձ Խաղաղապահ առաքելության ջանքերը հրադադարի ռեժիմի պահպանման հարցում՝ պետք է ընդգծել, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախի պետականության հիմքն է: Այն երաշխավորում է Արցախի Հանրապետության սուվերեն տարածքում հայ ժողովրդի մի հատվածի ինքնուրույն ապրելու և արարելու հնարավորությունը։ Արցախի Հանրապետության առկայությունն արդյունքն է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, հազարավոր հայորդիների արյան և քրտինքի: Մեր սերունդը իրավունք չունի մսխելու այդ ձեռքբերումը, զիջելու այն և մատնելու անտերության: Պետական համակարգերի պահպանումը և զարգացումը Արցախի պահպանման և պաշտպանության հիմնասյունն է: Այս առումով կարեւորելով Արցախի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության գործընթացը՝ համոզված ենք, որ մինչև 2022 թվականի ավարտը նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս կապացուցի ժողովրդի վճռակամությունը անկախ պետություն ունենալու ուղղությամբ:

ՀՅԴ Արցախի կառույցը, կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում, միշտ պատրաստ է ստանձնելու գործնական պատասխանատվություն: Համոզված ենք, որ Հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը միայն համաժողովրդական բնույթ կրելով կկարողանա հաջողությամբ պսակվել: Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Արցախի Կենրոնական Կոմիտեն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքական, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն հանուն Արցախի կազմակերպելու և ի մի բերելու բոլոր շերտերի ներուժը»:

Նմանատիպ նյութեր