211652_close_icon
views-count19228 դիտում article-date 21:50 31-08-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գագիկ Միկիչյան. հերոսի պատվին բացվեց ցայտաղբյուր-զրուցարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գագիկ Միկիչյանի ծննդյան օրն էր: Ի պատիվ հեոսի՝ ծնողները իրենց որդու հիշատակին կառուցել էին ցայտաղբյուր-զրուցարան:

Այսօր տեղի ունեցավ ցայտաղբյուր-զրուցարանի բացման արարողությունը, որին ներկա էին հերոսածին մայրեր, հերոսի հարազատները, ընկերները, համաքաղաքացիներ:

 Ներկա էին Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը:

Հուշաղբյուրի բացումից  հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա հերոսի շիրիմին  խնկարկում կատարեցին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Գագիկ Սմբատի Միկիչյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Վաղ մանկությունն անց է կացրել հայրենի գյուղում, ապա հետագայում ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր:  

2007թ. ընդունվել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցը: Դպրոցական տարիներին միշտ աչքի է ընկել իր օրինակելի վարքով և ուսման առաջադիմությամբ, մասնակցել է դպրոցում կայանալիք միջոցառումներին:

Շատ է սիրել հատկապես ՆԶՊ առարկան և մրցույթների ժամանակ գրավել է պատվավոր հորիզոնականներ, նվաճել գավաթներ՝ բարձր պահելով դպրոցի պատիվը:

Դեռ վաղ տարիքից Գագիկը հաճախում էր տարբեր սպորտաձևերի, սակայն հետագայում նախապատվությունը տվեց սամբո սպորտաձևին, որտեղ էլ գրանցել է բազում հաջողություններ, արժանացել մի շարք պատվոգրերի և մեդալների:

Դպրոցն ավարտելուց հետո, 2016թ. ընդունվել է Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ՝ ոսկերչության բաժին: Ապագա ոսկերիչը քոլեջում էլ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: 2019թ գերազանց ավարտել է քոլեջը:

2019թ. դեկտեմբերի 20-ին Գագիկը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Կապան քաղաքում, գրադի վարորդ էր: Ծառայության 10 ամիսների ընթացքում միշտ ոգևորությամ էր խոսում ծառայության մասին, սիրում էր բանակային կյանքը:

Եղել է «10 լավագույն զինվորներ» անվանակարգում, արժանացել «Լավագույն զինվոր» պատվոգրին: 2020թ սեպտեմբերի 7-ին կրկին զորավարժություններ կատարելու համար տեղափոխվել են Ջրական (Ջաբրայիլ):   Սեպտեմբերի 26-ի (լույս 27) գիշերը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ծնողների հետ, սակայն չի ասել, թե որտեղ են գտնվում: 27-ի առավոտյան սկսվում է չարաբաստիկ պատերազմը...

Սեպտեմբերի 29-ին վերջին հեռախոսազրույցն է ունեցել ծնողների հետ: Գագիկը վստահեցնում էր, որ իրենք հեռու են կռվի դաշտից և իրենց ոչ մի վտանգ չի սպառնում: Գագիկի վերջին զանգը եղավ սեպտեմբերի 29-ին՝ մի քանի վայրկյանով, 2 բառով. «Լավ մնացեք»:

Հոկտեմբերի 2-ին իմացանք, որ 4 օր շարունակ համառ մարտեր մղելուց ու թշնամու տասնյակ զինտեխնիկա ոչնչացնելուց հետո, սեպտեմբերի 30-ին Գագիկն իր անունը հավերժացրել է հայ քաջերի շարքում:   Գուգարքի հերոսը աճյունը ամփոփված է Ս. Սարգսի բարձունքում, որտեղ Գ. Նժդեհի գլխավորությամբ ավարտվել է Ղարաքիլիսայի ճակատամարտը:

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով:

Գագիկը ծնվել էր ապացուցելու, որ ինքն անմահ հերոս է, ում անունը պետք է ոսկե տառերով գրվի պատմության մեջ: 


Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր