211652_close_icon
views-count1934 դիտում article-date 11:04 13-09-2022

Ալեն Սիմոնյանը կոչ է անում ընդդիմությանը միասնական լինել և համագործակցել հայտարարության տեքստի շուրջ

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է բաց և հրապարակային քննարկում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին առաջարկում է միասնական լինել և համագործակցել հայտարարության տեքստի շուրջ,հայտնում է Armenpress.am-ը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց խմբակցությունը ողջ գիշեր աշխատել է, նաև հայտարարություն է տարածել:

«Այսօր խմբակցությունը Ազգային ժողովում է: Ես և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այստեղ ենք, որպեսզի առաջարկենք ընթացիկ օրակարգերը մի կողմ մղվեն և քննարկվի ստեղծված իրադրությունը, նաև այն անելիքները, որ մենք պետք է իբրև երկիր, իբրև պետություն իրականացնենք, ինչպես նաև մաքսիմալ բաց և ոչ ժամկետային սահմանափակմամբ քննարկենք ստեղված իրավիճակին հանգեցրած գործողությունները»,- ասաց նա:

Նա հավելեց, որ շատ լավ կլինի, եթե կարողանան լիարժեք բաց, հրապարակային, անկեղծ քննարկումներ իրականացնել և բոլորի պատասխանատվությունն ու  անելիքները ֆիքսեն:

Արձագանքելով Արծվիկ Մինասյանին՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ այս պահին պետք է լինել միասնական և միասին աշխատել:

«Ես ձեզ առաջարկեցի նաև հայտարարության տեքստի շուրջ համագործակցել: Բաց քննարկման հնարավորություն կունենաք: Ես կոչ եմ անում և հորդորում, որպեսզի ձեր խմբակցությունը նույնպես ներկա գտնվի դահլիճում, որպեսզի մութ հարց չմնա և ձեր ասած բաց քննարկումը տեղի ունենա»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը հայտնեց նաև, որ 20 րոպե ընդմիջում է հայտարարում:

«Այդ ընդմիջման ընթացքում տեսեք այդ հայտարարությունը, կքննարկենք: Ցավոք, օրենքը նախատեսում է, որ միայն ԱԺ նախագահի կողմից կարող է հայտարարության տեքստ ներկայացվել ստեղծված իրավիճակում»,-ասաց Սիմոնյանը:

Այսպիսով ԱԺ նախագահն ասաց, որ այդ հայտարարության տեքստը կներկայացնեն, ընդդիմությունը թող քննարկի, տեսնի, թե ինչ առաջարկներ կլինեն: Հետագայում քննարկում կանցկացնեն ԱԺ դահլիճում, որից հետո վարչապետը կներկայանա, հարցուպատասխան կլինի:

Ապա դիմելով դահլիճում գտնվող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ Սիմոնյանն ասաց. «Եվս մեկ անգամ հորդորում եմ ձեր գործընկերներին վերջապես դահլիճ կանչեք»:

Նա ընդգծեց՝ ոչ ժամանակն է, ոչ էլ պահն այս իրավիճակում քաղաքական հարցերով զբաղվել:

Նմանատիպ նյութեր