211652_close_icon
views-count1977 դիտում article-date 22:04 15-09-2022

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա:

Հիմնադրամն իր միջազգային գործընկերների շրջանակում տարածել է կարևոր ուղերձներ պարունակող հայտարարություն։

Կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ՝  Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի արևելյան հատվածում՝ Վարդենիս, Սոթք, Արտանիշ, Ջերմուկ, Գորիս և Կապան բնակավայրերում թիրախավորելով ոչ միայն ռազմական ենթակառացվուծքները, այլև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը խախտել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և խախտելով Ժնևի կոնվենցիան։

Հայաստանը Կովկասի կենսաբազմազանության թեժ կետերից է. կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ և բուսական աշխարհի 144 տեսակ համարվում են էնդեմիկ: Հայաստանի միջազգայնորեն կարևոր հարուստ կենսաբազմազանությունը ներառում է 377 թռչունների տեսակներ, համաշխարհայնորեն վտանգված 14 թռչուն, 18 Կարևորագույն թռչնաբանական տարածքներ (IBA), «Էմերալդ» համաշխարհային էկոլոգիական ցանցում ներառված 9 բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, Թիթեռների ապրելավայրի կարևորագույն 12 տարածք (PMA) և 32 Կարևոր բուսաբանական տարածք (IPA), որոնք ընդհանուր առմամբ ընդգրկում են Հայաստանի շուրջ 15%-ը:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղակի ազդեցությամբ ծայրահեղ վտանգում է Սևանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի և Զանգեզուրի ԿՏԹ-ները։ Սևանա լճի ԿԹՏ-ում է տեղակայված Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը․ Հայաստանում է գտնվում հայկական որորի եվրոպական պոպուլյացիայի շուրջ 40%-ը:

Հայաստանի արևելք-հարավ սահմանագծի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, դրանց արդյունքում բռնկված անտառային հրդեհները սպառնում են համաշխարհային և ազգային կարմիրգրքային տեսակների, ինչպիսիք են Կովկասյան հովազը (Panthera pardus tulliana), հայկական մուֆլոնը (Ovis gmelini gmelini), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus), գորշ արջը (Ursus arctos syriacus), կովկասյան լուսանն (Lynx lynx dinniki) ու եվրասիական ջրասամույրը (Lutra lutra):

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա»։

Նմանատիպ նյութեր