211652_close_icon
views-count4195 դիտում article-date 09:19 27-09-2022

Հույս ունենք, որ Ադրբեջանը կհարգի խնդիրները ուժի կիրառման փոխարեն խաղաղ ճանապարհով կարգավորելու իրավունքը. ԱՄՆ սենատոր․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկացի օրենսդիրները անդրադառնում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդհարումներին ու Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցին ՀՀ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Միացյալ Նահանգները մեծապես հիասթափված է ուժի կիրառմամբ սահմանները փոխելու փորձի կապակցությամբ, և այս դեպքում խոսքը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման մասին է, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում շեշտել է ԱՄՆ սենատոր, Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի նախագահ (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) Բեն Քարդինն՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:

«Մենք չափազանց մտահոգված ենք այս առիթով և արտահայտվել ենք՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կհարգի այս խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու իրավունքը, այլ ոչ թե ուժի կիրառմամբ»,- ասել է սենատորը Քարդինը:

Ամերիկացի սենատորի կարծիքով՝ հնարավոր է անցկացնել բովանդակալից քննարկումներ այս հարցի շուրջ, թե ինչպես կարգավորել երկարատև այս հակամարտությունը, սակայն ռազմական գործողությունները խոչընդոտում են խաղաղ բանակցային գործընթացը:

«Առկա են չափազանց դժվար հանգամանքներ, սակայն որևէ կերպ չի օգնում այն հանգամանքը, երբ մի կողմը, որը կարծում է, որ ունի ռազմական առավելություն, փորձում է կիրառել դա այն ձևով, որն էլ ավելի է դժվարացնում բանակցությունները»,- ասում է սենատոր Քարդինը:

Իր հերթին ԱՄՆ կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Ջուդի Չուն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ընդհարումները որակում է ագրեսիայի դրսևորում Ադրբեջանի կողմից:

«Սա ակնհայտորեն ագրեսիայի գործողություն էր, և Միացյալ Նահանգները պետք է հստակորեն դեմ հանդես գա այս բռնությանը հանուն ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության»,- ասում է դեմոկրատ կոնգրեսականը:

Այդ համատեքստում, կոնգրեսականը չափազանց կարևորում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան:

«Նա ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով երբևէ այցելել է Հայաստան և կոչ արել վերջ տալ այս բռնությանը: Այս հարցը գտնվել է ուշադրության կենտրոնում, և կարծում եմ, որ այն համահունչ է պետքարտուղար Բլիքկենի գործունեությանը, ով ներգրավվեց՝ կողմերին ստիպելով առաջնորդվել դեպի խաղաղություն»,- ասում է նա:

Կոնգրեսականի կարծիքով՝ այսօր ամենակարևոր հարցերից է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրման դադարեցումը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ վարչակազմը հստակորեն հայտնի, որ հետագա լարվածությունը կհանգեցնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների։

«Ես գտնում եմ, որ Հայաստանին պետք է օգնել իր պաշտպանության և անվտանգության հարցում, և դա սկսվում է նրանից, որ ընդհանրապես դադարեցվի ռազմական կամ որևէ այլ օգնության տրամադրում Ադրբեջանին: Բացի այդ, նրանք, ովքեր օգնում են Ադրբեջանին իրականացնել ագրեսիա ևս պետք է զրկվեն օգնություն ստանալուց, և նրանց թվում է Թուրքիան»,- հայտարարում է կոնգրեսական Չուն:

Ջուդի Չուն կարևորում է կոնգրեական Ադամ Շիֆի կողմից առաջ քաշած և ավելի քան 30 կոնգրեսականների, այդ թվում իր աջակցությունը ստացած թիվ 1351 բանաձևի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Հայաստանի: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ վստահ լինելու համար, որ հայ ժողովուրդը պաշտպանում է իր իրավունքները, շեշտում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն:

Նմանատիպ նյութեր