211652_close_icon
views-count3157 դիտում article-date 17:40 06-10-2022

Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։  Այս մասին Ֆրանսիայի Սենատում հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան:

Նրա խոսքով` Ֆրանսիան ուս ուսի կանգնած է հայ ժողովրդի կողքին:  «Մեր պատմությունները կապված են այն պահից, երբ մեր երկիրը փախստականներ ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք համերաշխություն ենք  ցուցաբերում հայ ժողովրդի հետ և կշարունակենք  դա անել մինչև կհասնենք  հակամարտության բանակցված, խաղաղ լուծման»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ֆրանսիան ակտիվ ջանքեր է գործադրում հայ գերիների, ռազմագերիների ազատ արձակման համար:

«Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ նրանցից 17-ը երեկ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է Կոլոնան՝ հավելելով, որ Ֆրանսիան Եվրամիության հետ միասին ներգրավված է երկու երկրների միջև երկխոսության գործընթացում, որը շարունակվում է:

«Նախագահ Մակրոնը վաղը կշարունակի այն իր մի շարք եվրոպացի գործընկերների հետ, քանի որ խաղաղությանն ու միջազգային իրավունքին հավատարիմ է»,-նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր