211652_close_icon
views-count2588 դիտում article-date 23:22 14-10-2022

Սիսիանում եւս 2 խմբակցություն մանդատը վայր դրեց. քվորում չլինելու պատճառով համայնքապետի երդման արարողությունը չի կայանա

Սիսիան համայնքի նորընտիր ավագանու «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները վայր են դնում իրենց մանդատները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Աշխատանք եւ արդարություն» խմբակցության անդամ Հայկ Առաքելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։

Համայնքային իշխանություն ձեւավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։

Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։

Չստացանք․․․

Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որեւէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Նորընտիր ավագանու առաջին նիստին ոչ բավարար ձայների պատճառով առաջին փուլով համայնքի ղեկավար չընտրվեց։ Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Արմեն Հակոբջանյանը, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ ու համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլով ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանը 2 ձայնի առավելությամբ ընտրվեց Սիսիանի համայնքապետ։

Նիստին թեկնածու չէր առաջադրել «Մեկ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամներն էլ ներկա չէին նիստին։ Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Զաքարյանը հաղորդագրություն տարածեց,   տեղեկացնելով, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում եւ որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։

Սա նշանակում է, որ ավագանու 21 անդամներից 11–ը մանդատները վայր են դրել, իսկ վաղը՝ հոկտեմբերի 15–ին, ժամը 11։00–ին, նախատեսված էր Սիսիան համայնքի ղեկավարի երդման արարողությունը։ Եթե ավագանու 21 անդամներից 11–ը մանդատները վայր են դրել, ապա վաղը Արմեն Հակոբջանյանի՝ համայնքապետի պաշտոնում երդման արարողությունը չի կայանա՝ քվորում չլինելու պատճառով։

Նշենք, սակայն, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։

Նման նախադեպ ստեղծվել էր 2021 թվականի դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ առավել շատ մանդատ ստացավ ընդդիմադիր «Հայք» խմբակցությունը, բայց իշխող ուժին՝ ՔՊ–ին հաջողվեց  ընդդիմությունից մեկ քվե կորզել, եւ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Բայց ձայն «գողանալն» էլ Սափեյանին հաջողություն չբերեց։ Համայնքապետի պաշտոնում ընտրվելուց հետո, նա նույնիսկ չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով, հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։ Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։

Նմանատիպ նյութեր