211652_close_icon
views-count42755 դիտում article-date 11:22 16-10-2022

Քեզ բացակա չենք դնի. Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Նարեկ Օհանյանի անվան հուշապատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու օր է, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց անգամ հանգստյան օրերին են այցելում քաղաքացիներ և իրենց խոնարհումը տալիս դպրոցի բակում ամիսներ առաջ տեղադրված, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված դպրոցի շրջանավարտների հիշատակը հավերժացնող խաչքարին, ապա դպրոցի 2-րդ հարկում ծաղիկներ խոնարհում դպրոցի շրջանավարտ Նարեկ Օհանյանի անվան հուշապատին։ 

Օրեր առաջ դպրոցում էին հավաքվել հերոսածին մայրեր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հայրերը, ընկերները, այդ թվում՝ զինակից, հյուրեր՝ ոչ միայն մայրաքաղաքից ու Հայաստանի մարզերց, այլ նաև Արցախից ու արտերկրից։ 

Մինչ հերոսի անվան հուշապատի բացումը, դպրոցի այն դասարանում, որտեղ սովորել էր Նարեկը, տեղի ունեցավ Նարեկի մասին պատրաստված ֆիլմի դիտում։ 

Հուշապատի վրայից սպիտակ սավանը իջեցրեցին հերոսի քույրերը, ապա հոգևոր հովվի խոսքից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ոչ միայն Նարեկին, այլ նաև դպրոցի այն շրջանավարտ տղաների հիշատակին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակվեցին ու դարձան լեգենդ։ 

Դանիել Վարուժանի անվան դպրոցը միշտ շարունակում է մեծարել իր հերոսներին, հերոսներ, ովքեր դպրոցական տարիներին իրենց չարաճճիություններով մի քիչ մանկավարժներին տանջել են, բայց հիմա նույն մանկավարժները հպարտությամբ են խոսում իրենց սաների մասին՝ ասելով. «Նրանք՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն մեր լինելիության, պատերազմում տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, ու մենք ամեն անգամ դպրոց մտնելիս կանգնելու ենք խաչքարի, իսկ հետո՝ Նարեկի ծնողների կողմից կառուցված հուշապատի մոտ ու ասելու ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»։

***

Նարեկ Արմենի Օհանյան: Ծնվել է 2002թ.-ի մարտի 5-ին, Երևանում: Սովորել է Երեւան քաղաքի թիվ 89 միջնակարգ դպրոցում։ Տեսակով բարի, ազնիվ, հավասարակշռված ու հավատարիմ տղա էր։

Զորակոչվել է հայկական բանակ 2020թ.-ի հուլիսի 2-ին: Ժամկետային ծառայության է անցել Ցորի լեգենդար գնդում՝ որպես հրետանավոր: Սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան գոյամարտին: Պատերազմի օրերին, լավ տիրապետելով իր մասնագիտական գիտելիքներին, դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու բազմաթիվ դիրքեր՝ հակառակորդին պստճառելով տասնյակից ավելի կորուստներ։

Արցախյան 2-րդ պատերազմի օրերին իր մարտսկան ուղին Նարեկն անցել է առաջնագծի թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիցուլի), Ջրական (Ջաբրաիլ), Արալեռ (Ջուվառլու)։

Տասնհինգ օր մարտական ընկերների հետ միասին մարտնչելուց հետո հոկտեմբերի 12-ին հերոսաբար ընկել է Հադրութի պաշտպանական դիրքերում: 1 տարի 2 ամիս անց՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ին, նրա եւ 10 ընկերների աճյունները ադրբեջանցիները փոխանցեցին հայկական կողմին։

Նարեկի եւ ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ զինվորական արարողակարգով, վեհափառի աղոթքների ներքո։

Նարեկ Օհանյանին հողին հանձնեցին դեկտեմբերի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Տան կրտսերն էր Նարեկը, ապրում էր ծնողների հետ, ուներ քույր ու եղբայր: Նրան սպասում էին հարազատներն ու սիրելին: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի Ցոր հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ զինծառայող, շարքային Նարեկ Արմենի Օհանյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 351+
351+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր