211652_close_icon
views-count1965 դիտում article-date 12:41 16-10-2022

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։

Հիշեցնենք, որ  Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չէին թույլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թե նա ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։

Փաշինյանի աշխատակազմը հետեւյալ պարզաբանումն էր տարածել նրա մուտքն արգելելու հետ կապված․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:

Նմանատիպ նյութեր