211652_close_icon
views-count17621 դիտում article-date 18:57 17-10-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանում՝ Նելսոն Ստեփանյան փողոցի 11 շենքի բակում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էրիկ Միքայելյանի անվան հուշաղբյուր, ներկա էին նաև հերոսածին մայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Նելսոն Ստեփանյան փողոցի 11 շենքի բակում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողներ, հյուրեր՝ ոչ միայն մայրաքաղաքից ու Հայաստանի տարբեր մարզերից, այլ նաև Արցախից, Էրիկ ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու բակային։ 

Շենքի բակում բացվեց արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, նույն շենքի բնակիչ Էրիկ Միքայելյանի անվան հուշաղբյուր։ 

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոսների հհշատակը, ապա հոգևոր հովվի խոսքից հետո կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված ու ճանաչված երգիչներ՝ արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Արսեն Սաֆարյանը և Սարգիս Գրիգորյանը։


Էրիկ Արսենի Միքայելյանը ծնվել է 2001 թ-ին, Երևանում, սովորել է Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում։ Դպրոցի անձնակազմը խորը ցավով է խոսում Էրիկից.

«Քաջությունը չափ ու սահման չունի։ Քաջերի սահմանը նրանց զենքն է։ Քաջ էր ու հերոս նա` մեր շրջանավարտ Էրիկ Միքայելյանը։ Կյանքը հանուն կյանքի տված մեր հերոսը կմնա որպես լուսավոր հուշ։ Գիտակցված էր մահը` հանուն հայրենիքի և ընկերների, որը դեպի անմահություն պիտի տանի նրան»։

Երեք եղբայրներից ավագն էր Էրիկը։ Նրա կրտսեր եղբայրներն են Ռազմիկը՝ 12 տարեկան և Աշոտը՝ 6 տարեկան, ով ամբողջ Նոր Նորքի 2-րդ զանգվածից դուռ-դուռ ծեծելով գումար է հավաքել և հավաքած ամբողջ գումարով մեծերի օգնությամբ զինվորների համար պիտանի գնումներ է կատարել և ուղարկել սահման։ Զինվորները զանգում, շնորհակալություն էին հայտնում Աշոտիկին, իսկ նա փոխարենը նրանցից խնդրում էր, որ գտնեն եղբորը, բայց ավա՜ղ...

Էրիկի մայրը՝ Լինա Ավդալյանը, ասում է. «Էրիկը Մոսկվայում էր ու ասել էր՝ ես պիտի գնամ, ծառայեմ իմ հայրենիքի համար։ Հայրն ու մորեղբայրը չկարողացան նրան հետ պահել այդ որոշումից, որովհետև հայրենասեր էր իմ ախպերը, հրեշտակին վայել բնավորությամբ` մաքուր, բարի ով ճանաչում ա, կփաստի։ Երեխեն եկավ, ծառայեց 1 տարի և 2 ամիս, և ի՞նչ՝ հայրը օդանավակայանից եկավ որդու հուղարկավորությանը:

Դաժան է կյանքը, գրում եմ ու արցունքի մեջ խեղդվում։ Էրիկը զոհվել է հոկտեմբերի 25-ին, ընդամենը մեկ ասկոլկայից, որը մտել էր դոշից։ Էրիկը իր ոտքով գնացել է ընկերների մոտ, ասել է՝ լավ եմ, հրաժարվել է շտապօգնության մեքենա նստելուց, ասել է՝ ընկերներիս թող տանի, ես լավ եմ։ Բայց Էրիկի մոտ ներքին արնահոսություն է սկսվել։

Էրիկը նպատակ ուներ՝ ծառայությունից հետո մեկնել Մոսկվա և բացել սեփական վարսահարդարման սրահը...

Կցանկանամ պատմել իմ տղայի մասին, ով իր ծնվելով՝ լույս բերեց մեր տուն։ Էրոս ծնվեց Սուրբ Մարիամ Աստվածածին հիվանդանուցում, 2001 թվականի փետրվարի 28 ին, ժամը 11:30-ին՝ 51սմ բոյով և 3կգ 600գրամ քաշով։ Լուրը իմանալուն պես եղբայրս ընկերների հետ ավտոմեքենայով դհոլ-զուռնայով եկել էին հիվանդանոց և բակից բղավում էին՝ Էրոոոո՜ ու այդպես 10 րոպե։ Բժշկուհիները եկան պալատ՝ հասկանալու համար՝ ինչու չեմ դուրս նայում, ես ասեցի՝ թող մի քիչ էլ բղավեն ու սկսեցինք բժիշկների ու քույրերի հետ պարել, մի հարսանիք լիներ կարծես։ Տղաս առաջնեկս էր ու այդ իսկ պատճառով չափից շատ ուշադիր էի, որը հանգեցրեց նրան, որ առանց ինձ հպվելու, մազերիս հետ խաղալու, հոտ քաշելու՝ չէր քնում, և պարտադիր իր սիրած երաժշտության ներքո։ 2005 թ-ին հաճախեց մանկապարտեզ։ Ինչպես կարծում էի, ունեցանք քնելու հետ կապված խնդիր. ինչ արեցինք, չքնեց, փոխարենը օգնում էր մորաքրոջը երեխաների համար թեյ պատրաստելուն։

2008թ-ին հաճախեց Գ. Ստեփանյանի 135 միջնակրգ դպրոց։ Շատ ընկերասեր էր, համեստությամբ գերել էր բոլորի սրտերը, դասախոսները մինչև այժմ ցավով ու հուզմունքով են հիշում տղայիս։ Ընկերները պատմում են հետաքրքիր և զվարճալի պատմություններ, օրինակ՝ թե ինչպես ընկերներով վերցրել Էին մեքենան և թաքուն վարում էին։ Մի անգամ վնասում են մեքենան և զանգում ինձ՝ մամ ջան, սպիտակ մանիկյուռ ունե՞ս, ասեցի՝ չէ, բայց ուրիշ ձև առաջարկեցի։ Էկավ, ասում ա՝ մամ դու լրիվ դզող-փչող ես։

2016 թ-ին ընդունվեց Առևտրի քոլեջ, միաժամանակ համատեղում էր վարսահարդարման արհեստի ուսուցումը։ Սովորելուց հետո մեկնեց Մոսկվա՝ աշխատելու նպատակով. Ստեղծեց իր ուժերով աշխատանքի իր անկյունը։ Կարոտել էր մեզ շատ։ Եկավ մի քանի օրով տուն։ Երեկոյան սուրճ էի խմում, ասեցի՝ տղես մոտիդ փողերից 1000 ռուբլի կտա՞ս, նայեց երեսիս, ասեց՝ չէ, մամ ջան, էս արենդիս փողն ա, գրպանից հանեց 10 ռուբլի ու պատռեց՝ ասելով՝ էս կեսը՝ քեզ, կեսը՝ ինձ, մամ ջան։ Նպատակ ուներ՝ Երևանում բացել իր սեփական վարսավիրանոցը։ Ետ գնալուց առաջ ասացի՝ բալես, էնտեղ ծառայի, որ քիչ ծառակես, ասեց վրդովված, մամ ջան, էլ չենք խոսում։ Ընկերներս գնան, մեր հայրենիքը պաշտպանեն, ես ուրիշի հողո՞ւմ ծառայեմ... չկարողացա ետ պահել։

2019 թ-ին վերադարձավ Երևան, ստուգումներից հետո 1 օրով պառկեցրին հոգեբուժարան, եկավ տուն, գրկեց ու ասեց՝ մամ ջան, ես չեմ կարա գժի թղթով ազատվեմ, հետո ո՞նց պիտի ընտանիքս պահեմ, չեմ կարա մեքենա վարեմ։ Ասում էի՝ Էր, ավտո էլ կքշես, աշխատանք էլ կունենաս, ասեց՝ մամ ջան, վե՛րջ, էլ չէնք շարունակում, ու այդ պահին ասեցի՝ Էր, կանխազգում եմ, որ Ղարաբաղում ես ծառայելու։ Նայեց երեսիս ու ծիծաղով ասեց՝ այ կնիկ, դու հոմ բախտագուշակ Մանուշակը չե՞ս։

Զորակոչվեց բանակ 2019թ. հուլիսի 25-ին։ Ինչպես կանխազգացել էի, Էրոյիս տարան Ղարաբաղ՝ Հադրութ։ Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ զինվորական երդման արարողությունը։ Գնացել էինք հարազատներով, տղաները շատ նման էին, դժվար էր տարբերել, և հեռվից նկատեցի մի հարազատ ժպիտ՝ Էրոս էր: Երբ գնացինք Հադրութ, տղաս չգիտեր, թե երբ կհասնեինք, անակնկալ արեցինք։ Զանգահարեցի, ասեցի՝ Էր, շուտ իջիր КПП, ասեց՝ խի՞, մամ, ասեցի՝ բան եմ ուղարկել, իջավ ու անակնկալս ստացվեց։ Այդ օրը շատ սպասված և տպավորիչ էր. համ կարոտել էինք մեկս մյուսին և այդ 3 օրը պիտի մնար տանը. ուրախությանը չափ ու սահման չուներ։ Իր սիրած թխվածքն էր ուզել, պատրաստել էի, սինիով տարել էի, Էրոս տեսավ ու ասեց՝ մամ ջան, էսքան ճանապարհ ո՞նց ես բերել, ասեցի՝ տղես, բա դու էիր ուզել։ Գրկեց ու ասեց՝ ապրես, ցավդ տանեմ, ու մինչև տղաս չեկավ տուն, ոչ ոքի չէի թողնում որ կպնեին։ 3 օրից վերադարձանք, բայց էլի կարոտում էի։ Անցավ մոտ 2 ամիս, էլի գնացի տղայիս մոտ, նորից անակնկալ արեցի։ Զորամասի մոտ խանութ կար, ես ներսում էի, ճանաչում էին Էրոյիս, ընկերուհուս եղբայրը գնաց, բերի տղայիս, մտավ ներս, բոլորին բարևեց, շրջվեց, նայեց երեսիս  ու էլի շարունակեց շփվել ու միանգամից հետ շրջվեց, ասեց ի՞, մերս,  ասի, հա ջան, ու գրկախառնվեցինք։ Էտ օրն ել տղայիս տարանք տուն, բայց անվանականչի ժամերին պարտաճանաչ գնում, ներկայանում, գալիս էր։ Փորձելու համար ասում էի՝ որ չգնաս, չի՞ լինի, ասում էր՝ այ կնիկ, ես բանակ ա, չի կարելի, համբուրում էի, գնում էր։

6 ամիս անց «ուվոլնենիով» եկավ տուն՝ 2020 թվի հունվարի 17-ին, 10 օրով, բայց շատ շուտ անցավ։ Առաջին գիշերը կարոտած նայեց ու մեկ էլ ասեց՝ հլա սաղդ էկեք, պառկեք կողքիս, իրար հետ ենք քնելու։ Ես և 3 տղաներս միասին քնեցինք՝ իրար գրկած։ 2-րդ գիշերը ձյուն էր գալիս, ժամը 3-ի կողմերն էր, քնել էր Էրոս, արթնացրեցի, ասում եմ՝ բալես, արթնացի, գնում ենք նկարվելու, աչքերը կլորացրեց, ասում ա՝ մամ ջան, ես էլ ասի՝ պադյոմ ա։ Գնացինք բակ՝ նկարվելու, մոտ ընկերները ծառայում էին, ասում էր՝ ի՜նչ դատարկ ա, ուզում էինք միասին օտպուսկ գայինք, չստացվեց։ Հետո տղաս գնաց ծառայություն շարունակելու։ 6 ամիս անց էլի պիտի գար, բայց տարացվեց անիծված կորոնավիրուսը, դե մնացածը բոլորս գիտենք, սկսվեց անիծված պատերազմը։

Սեպտեմբերի 26-ն էր, զանգահարեցի, ասեցի՝ Էր, բալես, ո՞ւր ես, ասում ա՝ պոստեր եմ, մամ ջան, ո՞ւր պտի լինեմ, որ ասեմ՝ հայաթում եմ, կհավատա՞ս։ Ասեցի, բալես, պատերազմ ա սկսվում, ասում ա՝ մամ, հանգիստ նստեք տեղներդ, մենք լավ ենք, ու հաջորդ օրը զորամասից զանգահարեցին, ասեցին՝ պատերազմ ա, հարվածել են դիվիզիոնի վրա։ Ասեցի՝ լավ ա, գոնե երեխեքը դիրքերում են։ Շտապ զսնգահարեցի տղայիս ու իր հետի ծառայակից ընկերներին ու ասեցին՝ լավ ենք, հանգիստ եղեք։ Տղաս հրետանի էր ու հաշվարկային, մինչև պատերազմը սկսելը, արժանացել էր «Քաջարի Մարտիկ» շքանշանի։ Ասում էի՝ Էր, բալես, կասե՞ս՝ ոնց եք, որ կողմն եք, ասում էր՝ մամ ջան, գաղտնիք ա, ասում էր՝ մամ ջան, մի հատ խաղալիք են բերել, պիտի սարքենք (խաղալիքն էլ էդ պուշկան էր)։ Էր, լավ, բա ո՞նց հասկանամ, ասում էի ձեր որ կողմն են, ասում էր՝ մամ ջան ձեր նույն տեղն են, ոնց գիտես։

Օո,ստոսի 13-ին դիրքերից զանգեց, եղբոր ծնունդն էր, անակնկալ արեց, զինակից ընկերն էր երգում՝ շնորհավորանքով։ Պատերազմի ժամանակ 3 օրը մեկ զանգում էր, սկսում էի հաց չուտել, զանգում էր, ասում էի՝ բալես, հենց հաց չեմ ուտում, զանգում ես, ասում էր՝ ետ ա, զգում եմ, որ սոված ես, մամ ջան, ցավդ տանեմ, հաց կեր, որ ուժեղ լինես, ասում էի՝ լավ, բալես, կուտեմ։

Հոկտեմբերի 25-ին զանգահարեց, բոլորիս հետ խոսեց, ես այդ օրը, չգիտեմ, թե ինչու, լաց եղա, ջղայնացավ, ասեց՝ էէէէէ, դե էլ չեմ զանգի, ասեցի՝ չէ, բալես, մի ասա տենց, տղես, դե բա ասում ա, ինչի՞ ես լացում, ասեցի՝ կարոտից ա, բալես։ Ասեց՝ մամ ջան, ցավդ տանեմ, ընկերս վիրավոր ա, գտի, տես՝ ոնց ա, Էմանուել Ավագյան, մամ ջան, կգտնես, չէ՞, ասեցի՝ անպայման, բալես, կգտնեմ։ Այդ օրերին միջնեկ տղաս և փոքր տղաս բակի ընկերներով զինվորներին խանութներից և բնակելի շենքերից գումար, քաղցրավենիք և շատ ու շատ բաներ էին հավաքում, որ ուղարկեինք դիրքեր։ Հաջորդ օրը գնացի Էմանուէլին գտնելու, բայց, ավաղ, ուշացել էի։ Այդ օրվանից տղայիցս էլ լուր չստացա ու չգիտեի՝ ոնց պիտի ասեմ, որ ընկերդ զոհվել ա։ Երբ որ հավաքված օգնությունը հասավ դիրքեր, զանգահարեցին, որ հայտնեին իրենց շնորհակալությունը։ Աշոտիկիս ուզեցին, ասեցին՝ Աշ ջան, ախպերս, ապրես, հասել ա սաղ տեղ։ Հարցրեցին՝ ի՞նչ կուզես, որ քո համար անենք, Աշոտս ասեց՝ ախպեր ջան, բան չեմ ուզում, ախպորս կարա՞ք գտնեք, Էրո ա անունը դիվիզիոնից, ասեցին՝ ո՞նց, դու ախպեր ունե՞ս ծառայող, ասեց՝ հա, կգտնե՞ք, ու տղաներն էլ իրենց հերթին սկսեցին ման գալ, բայց, ավաղ, չգտան։ Հետո այդ գիշեր շատ վատ էի, աչքս կպավ, չգիտեմ, թե ինչքան քնեցի, բայց միանգամից վեր թռա ու թիկունքիս ու կրծքավանդակիս շրջանում սկսվեց վառվել, կարծես կրակ լիներ, ոչ կարում էի գոռալ, ոչ խոսել, հասկացա, որ Էրոյիս ինչ-որ բան ա պատահել։ Սկսեցի փնտրել, ամեն մեկը մի բան էր ասում...


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր