211652_close_icon
views-count803 դիտում article-date 23:50 24-10-2022

Ադրբեջանն է ագրեսոր կողմը և պետք է դուրս բերի զորքերը ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորների դիրքորոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը. Արմենպրես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպմանը աներկբա հայտարարել են, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը և պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների մանրամասներն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը օրերս Ստրասբուրգում մոտ 2 տասնյակ հանդիպումներ են ունեցել: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում նրանք Եվրախորհրդարանի պատգամավորներին են ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, այն, որ Ադրբեջանը փաստացի հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրել որոշ տարածքներ, և, որ ըստ էության միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով փորձում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրականացնել:

«Նրանց կողմից աներկբա հայտարարություններ հնչեցին, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Նրանցից շատերը նաև հասցեական հայտարարություններով դատապարտեցին, դատապարտել են և վստահ եմ, դեռ կդատապարտեն Ադրբեջանի կողմից այս ագրեսիվ պահվածքը: Չափազանց կարևորում եմ այս այցը և հանդիպումները, որովհետև մենք փորձեցինք, ներկայացրեցինք հայկական տեսակետը, հայկական շահը, մեր դիրքորոշումները, որ մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չենք տա, որ մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ գործադրվեն»,-ասաց Կոնջորյանը:

Կոնջորյանը նկատեց՝ Եվրախորհրդարանի պատգամավորների մոտ հստակ ընկալում կա, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է, նրանցից շատերն ակտիվ կերպով դատապարտում են և հանդես գալիս ինչպես հայտարարություններով, այնպես էլ նախաձեռնում տարբեր բանավեճեր, բանաձևերի կամ փաստաթղթերի ընդունման գործընթացներ: Հայ պատգամավորները Ստրասբուրգում հանդիպել են նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին, ով ևս աներկբա գնահատականներ է տվել Ադրբեջանի ագրեսիային: Կովաչևը պատգամավորների հետ հանդիպումից մեկ օր անց ժամանել էր նաև Հայաստան: Նա Հայաստանում ևս հայտարարել է, որ հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից: Առաջիկա օրերին Հայաստան կայցելի նաև Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մասիմո Կաստալդոն, ում ևս պատգամավորները հանդիպել էին Ստրասբուրգում: Կաստալդոն գալու է Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Գլխավորապես մեր հանդիպումների և նման հանդիպումների արդյունքը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման գեներացումը, որպեսզի Ադրբեջանն այս միջազգային ճնշման, միջազգային մեկուսացման արդյունքում զերծ մնա Հայաստանի նկատմամբ ազդեցիկ գործողություններից: Այս իմաստով այդ հանդիպումներն ունենալու են իրենց կոնկրետ տրամաբանությունը և տրամաբանական շարունակականությունը: Այս հանդիպումները շարունակական են լինելու: ԵԽ-ի լիագումար նիստն էր, լինում էր, որ մեր հանդիպումներից հետո պատգամավորները վերադառնում էին դահլիճ և դեբատներից որևէ մեկի ժամանակ մենք հաճելիորեն լսում էինք, որ նրանք կրկին խոսում են ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, դատապարտում են ադրբեջանական ագրեսիան, հումանիտար հարցերում Ադրբեջանի գործողությունները»,-ասաց Կոնջորյանը:

Պատգամավորները նկատել են՝ համացանցում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի տարածումից ի վեր, ըստ էության, ավելի են խստացել եվրոպացի գործընկերների դիրքորոշումները՝ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ:

Եվրախորհրդարանի պատգամավորները ցնցված են այդ անմարդկային դաժանությունից: Կոնջորյանը վստահ է՝ իրենց հետ հանդիպած պատգամավորները նաև ազգային կառավարություններին տեղ կհասցնեն հայկական կողմի հնչեցված թեզերը: «Մշտական աշխատանք է տարվում ինչպես դեսպանությունների, ԱԳՆ-ի, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Այս բոլոր հարցերի բարձրաձայնումը միանշանակ տարբեր տեղերում դրսևորվելու է նաև որոշակի փաստաթղթերի քննարկումներով և քվեարկություններով, ես դրանում վստահ եմ»,-ասաց Կոնջորյանը:

Առաջիկայում Եվրախորհրդարանում կքննարկվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մասով զեկույցները: Կոնջորյանը վստահ է, որ հանդիպումներում հնչած թեզերը կարևոր դերակատարում կունենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր