211652_close_icon
views-count1006 դիտում article-date 20:46 26-10-2022

Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական Միությունը մեր մարզում։ Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր ազգաբնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք, տիկին դեսպան, մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը և վստահ եմ՝ այստեղ կհաջողենք»,- ողջունելով դեսպանին նշել է Շիրակի մարզպետը։

Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու արդեն ձևավորված համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի համար` նշելով, որ ամենևին պատահական չէ, որ այսօր Շիրակ այցելած պատվիրակության բոլոր անդամները կանայք են, քանզի իրենք նպատակ ունեն քաջալերելու և աջակցելու Շիրակի մարզպետին որպես կին ղեկավարի․

«Տիկին մարզպետ, ուրախ եմ Ձեր հիանալի մարզում կրկին լինելու համար։ Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ մեր օրակարգում, շուտով նոր ծրագրի մասին կազդարարենք, խոսքը Գյումրու զարգացմանը նպաստող նոր տնտեսական ծրագրի մասին է։ Ես ուզում եմ ընդգծել Ձեր անձնական նախաձեռնողականության կարևորությունը համագործակցության ամրապնդման հարցում և վստահ եմ, այո, համագործակցությունը կլինի շարունակական»։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ջանքերը խնդրի լուծման հարցում։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղության լիարժեք հաստատման ուղղությամբ, ինչի ապացույցը ԵՄ դիտորդական առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին: Կողմերն անդրադարձել են համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրերի, քննարկել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Նմանատիպ նյութեր