211652_close_icon
views-count17458 դիտում article-date 16:30 03-11-2022

«Վեոլիա Ջուր» ընկերության Մասիսի ենթատեղամասի աշխատակիցները 15 ժամ առանց ընդմիջման հսկայածավալ աշխատանքի արդյունքում վերացրեցին Մասիսում վթարված ջրախողովակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, «Վեոլիա Ջուր» ընկերության Արարատի մարզի Մասիսի ենթատեղամասի 10-ից ավելի աշխատակիցներ՝ ենթատեղամասի պատասխանատու Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ, առավոտյան ժամը 10։00-ից գրեթե 15 ժամ հսկայածավալ աշխատանքներ են կատարել Մասիս քաղաքի Հերացի փողոցի 39 և 40 շենքերի (հանրակացարանի) հարևանությամբ մի քանի ամիս շարունակ վթարված ջրախողովակի օջախը հայտնաբերելու և խնդիրը լուծելու ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վելոիա Ջրի Մասիսի ենթատեղամասի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով են աշխատել, մինչև որ կարողացել են հայտնաբերել օջախի վայրը ու հիմնովին վերանորոգել վթարված հատվածը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչների հայտնած տեղեկությունը, որ Վեոլիա Ջուրը օպերատիվորեն չի արձագանքել իրենց հեռախոսազանգերին, բավականին գույները խտացրած են եղել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ խնդրի մասին Վեոլիա Ջրի ենթատեղամասը իմացել է, այդ մասին տեղեկացրել վերադասին։ Վերադասն էլ, ինչպես կարգն է թելադրում, հատուկ գրությամբ դիմել է Կառավարություն, որպեսզի խնդիրը հրատապ կարգով լուծելու թույլտվություն ստանա։ 

Սակայն ստացվել է ինչպես միշտ։ Կառավարությունից, չգիտես ինչու՝ գուցե՝ նպատահարմար չեն գտել, որպեսզի հրատապ պատասխանեն Վեոլիա Ջրին։ Եվ մարդիկ չեն համարձակվել կատարել քանդման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտար խնդիրը արագ լուծել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այս դեպքում Վեոլիա Ջուրը, դառը փորձ ունենալով, չի համարձակվել՝ մինչև ժողորվրդի լեզվով ասած՝ Կառավարությունից «Պեպոյի բարաթը» չստանան, փորման աշխատանքներ կատարեն, քանի որ երբ մեկ անգամ նման լուրջ խնդիր է եղել, և Վեոլիա Ջրի Մասիսի ենթատեղամասը իր ուժերով վերացրել է խնդիրը և կանխել ջրի կորուստը, այդ ամենը, սակայն, բավականին թանկ է նստել Վեոլիա Ջրի վրա։ Կառավարությունը հայտնել է, թե առանց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թույլտվության, չպետք է Վեոլիան թերությունը վերացներ։ Այս դեպքում մեղավորը ոչ թե Վեոլիա Ջուրն է եղել, այլ ՀՀ Կառավարությունը, հանձինս նաև Ճանապարհային դեպարտամենտ ընկերությանը։ 

Երեկ խնդրին միջամտել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ինչի շնորհիվ էլ թույլատրվել է Վեոլիա Ջրին այդ հատվածում աշխատանքներ կատարել, ինչից հետո Վեոլիա Ջրի Մասիսի ենթատեղամասի աշխատակիցները մոտ 15 ժամ աշխատել են առանց ընդմիջման և խնդիրը լուծվել է։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև խնդրի վերաբերյալ Վեոլիա Ջրի պարզաբանումը։ 

«Վեոլիա ջուր ընկերության աշխատակազմի զարմանքն ու վրդովմունքը հարուցեց shamshyan.com լրատվական կայքի «Արտակարգ իրավիճակ Մասիս քաղաքում. Խմելու ջրի խողովակը ամիսներ շարունակ վթարվել է ու ջուրն անխնա ողողում է մի քանի շենքի բակ. Մասիսի քաղաքապետն ասում է՝ «դա իմ գործը չի». «Վեոլիա Ջուրն» էլ «ուղտի ականջում քնած է» հրապարակմանը:

Հեղինակի թե անթաքույց ուսուցանող տոնը և թե ոչ կոռեկտ, վիրավորական արտահայտությունները ՎեոլիաԹիմի համար բացարձակ անընդունելի են և, համոզված ենք, պատիվ չեն բերում լրատվամիջոցին: 

Ոչ ոք չի մերժում համակարգում խնդիրների առկայությունը, սակայն լրագրողի մասնագիտական էթիկան, համաձայնվեք, ենթադրում է ոչ թե ամբոխահաճություն և սպառողների դժգոհության չարաշահում՝ հանուն սեփական հեղինակության, այլ իրավիճակի օբյեկտիվ գնահատական, ինչը տվյալ դեպքում չի պահպանվել: 

Իսկ իրավիճակը հետևյալն է: 

Որևէ վթարի վերացման աշխատանքներ կատարելիս, Վեոլիան պարտավոր է ստանալ համապատասխան պատկան մարմնի թույլտվությունը: Առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկի ջրագծի վթարին, որը վերացնելու համար անհրաժեշտ է քանդել Հ-13, Մ-3 Վաղարշապատ-Մասիս Մ26.65կմ, 18.45կմ միջպետական նշանակության ավտոճանապարհի խաչմերուկը: Քանդման թույլտվություն ստանալու համար ՀՀ ՏԿԵՆ գրությունն ուղարկվել է դեռ ս.թ օգոստոսի 31-ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել։ 

Սա է իրականությունը, որը «Մասիս» շահագործման ենթատեղամասի պետը ներկայացրել է թե Մասիսի համայնքապետին և թե իրեն՝ հրապարակման հեղինակին: Սակայն վերջինս, փաստերին հավատարիմ մնալու փոխարեն, գերադասել է իրեն բնորոշ բառապաշարի ողջ պերճախոսությունն օգտագործելով «ժողովրդի շահերը պաշտպանել» ընդդեմ նույն Մասիսի ջրամատակարարման բարելավման համար ամենօրյա աշխատող կազմակերպության: Ընդ որում, բացարձակ չմտահոգվելով, որ դրանով վտանգում է վերջինիս գործարար համբավը: Ի դեպ, ոչ առաջին անգամ: 

Հաշվի առնելով Վեոլիա ջուր ընկերության օրինական շահերը, հույս ենք հայտնում, որ դուք չեք հապաղի հանրությանը ներկայացնել սույն պարզաբանումը՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»:


Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր փորձում են հասկանալ, թե ի վերջո՝ ե՞րբ է «Վեոլիա Ջուր» ընկերությունը ապացուցելու, որ ինքը միայն ժողովրդից վարձավճարներ հավաքող մարմին չէ։

Հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Մասիս քաղաքի Հերացու փողոցի 39 և 40 շենքերի (հանրակացրան) բնակիչներն ու դրա հարևանությամբ աշխատող առևտրի կրպակների աշխատակիցներն ասում էին․

«Գրեթե ամիսներ շարունակ ասֆալտի տակ խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը վնասվել է։ Ու ջուրն անխնա հոսում է։ Բազմաթիվ անգամներ ահազանգել ենք Վեոլիա Ջուր։ Սակայն «սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»։ Գոնե մեզանից շնորհակալություն հայտնեն, որ վթարի մասին շտապ տեղեկացրել ենք իրենց, դրա փոխարեն էնպիսի մի արհամարհական վերաբերմունքի ենք արժանանում, էլ ասելու չէ։ 

Կատարվածի մասին ահազանգել ենք նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Նա էլ պատասխանում է, թե իր իրավասությամն մեջ չէ, դրանով պետք է զբաղվի Վեոլիա Ջուրը։ Հարգելի քաղաքապետ, մենք դա շատ լավ գիտենք։ Բայց Դուք, որպես մեր համայնքի թիվ 1 պաշտոնյա, պարտավոր եք հետևողական լինել, որպեսզի Վեոլիա Ջուրը վթարը վերացնի։

Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում խմելու ջուրն էսպես անխնա հոսի, իսկ պատկան մարմինները ցուցաբերեն քար անտարբերություն։ 

Հետաքրքիր է՝ էդ ջուրը, որ էդքան կորում է, Վեոլիա Ջուրը ումի՞ց է հանելու կորուստի ծախսը։ Իհարկե՝ մեզանից։ Վեոլիա Ջրի մոտ դա շատ լավ է ստացվում։ Եթե ժամանակին հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման Սանիտեկն էր մեզանից արյուն քաշում, ու երբ Սանիտեկի ծոծրակին տվեցին ու դուրս շպրտեցին Հայաստանից, աղբահանության խնդիրը բավականին լուծվեց։ Հիմա ի՞նչ, հարգելի Կառավարություն, չե՞ս ուզում մի «մուշտի» էլ Վեոլիա Ջրին տաս։ Ասես՝ արհամարհած ունի։ Մենակ թողնես՝ փողերը հավաքելու օրերին տեսուչը, էն Մաթոս աղայի հայտնի պապկեն թևի տակ դրած, տնետուն ընկած ասում է՝ փողերը մուծեք։ Պատասխանում ենք՝ եղբա՛յր, կարիք չկա բայղուշի նման առավոտ-շուտ մարդկանց դռները ծեծել, թե՝ փողերը մուծեք, այն դեպքում, երբ բոլորս կանոնավոր վճարումները կատարում ենք։ Էդպիսի փութաջանությամբ քո ղեկավարությանը տեղեկացրու, որ տոննաներով խմելու ջուրը կորում է։ Իսկ Վեոլիա Ջուրը «ջայլամի կեցվածք» է ընդունել։ Ավելի ցավ ենք ապրում, երբ մարդիկ այդ թվում Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած հերոս տղերքն ու նրանց հարազատները գալիս են, որպեսզի ծաղիկ խոնարհեն մեր թաղում հերոս Ռոբի անունով դրված խաչքար-հուշաքարին ու այդ հուշաքարին հասնելու համար այդ ջրափոսերը մի կերպ են անցնում։ Իսկ երբ իմանում են, թե ինչն  է պատճառը, ամենավերջին խոսքերն են ուղղում Վեոլիա Ջրին»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր