211652_close_icon
views-count899 դիտում article-date 13:45 15-12-2022

Անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, այն առաջացել է հանքաքարի հանքավայրերի շահագործման հարցով կողմերի տարաձայնությունների պատճառով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրադրության դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ շատ շուտով լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է պարտադիր կատարվեն։ Անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանելով Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը՝ Զախարովան նշել է. «Մենք ստիպված ենք մեկնաբանել ռուս խաղաղապահների դեմ անհիմն մեղադրանքները եւ սադրիչ գործողությունները։ Որտեղից էլ, որ դրանք հնչեն, մենք դրանք համարում ենք անարդյունավետ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը արդյունավետորեն կատարում է իր առջեւ դրված խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»։

Նմանատիպ նյութեր