211652_close_icon
views-count857 դիտում article-date 14:54 08-01-2023

Ալիեւը ստեղծել է իրավիճակ՝ հաշվարկով, որ դրա վրա «բզզալով» հավաքվելու են բոլորը՝ «նեկտար« քաղելու նպատակով. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Մի մաս համոզված է, որ Լաչինի միջանցքը փակել է Ռուաստանը, մեկ այլ մաս համոզված է, որ Լաչինի միջանցքի փակելն արեւմտյան ծրագիր է: Երկու դեպքում էլ հնարավոր է գտնել թե փաստարկներ, թե հակափաստարկներ, ու անվերջ վիճել դրա շուրջ:

Զուտ հասարակական պատկերի առումով միանգամայն նորմալ է, հանրությունը կազմվում է տարբեր պատկերացումներ ու կարծիքներ ունեցող անհատներից, խմբերից եւ այլն: 
Այլ է պետական քաղաքականության եւ քաղաքական, ու նաեւ փորձագիտական ինստիտուտների խնդիրը: Այստեղ պետք է լինի սցենարների առավելագույն դիտարկում, թե ինչ է ուզում այս խոշորը, այն խոշորը, երրորդը, չորորդը եւ այլն, այդ դիտարկումները համադրել մեր խնդիրների հետ, գնահատել մեր հնարավորությունների ու ռիսկերի բալանսը այս կամ այն սցենարի տարբերակում եւ այլն:

Սակայն, մեզանում նաեւ այս դաշտում իրավիճակը առավել բնորոշ է «հետախուզական» ծառայության: Այսինքն, կա պնդում՝ որ սա է, եւ վերջ: Մինչդեռ, որեւէ սցենար պնդել՝ որ փակողը սա է, կամ նա, կարող է թերեւս միայն շատ մեծ կարողությամբ հետախուզական ծառայությունը:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ կարծիքս արտահայտել եմ դեռեւս առաջին օրերին: Միջանցքի փակումը ըստ էության պատերազմական քայլ է, թեկուզ այդպիսին չէ ձեւով: Իսկ այդօրինակ «բովանդակությամբ» քայլերը հնարավոր են դառնում միայն «միջազգային լեգիտիմության» պայմաններում:

Ալիեւը գուցե ամեն ինչ է՝ վատ իմաստով, բայց հիմար չէ հաստատ, որպեսզի առանց դրա գնա այդպիսի գործողության: Նա ստեղծել է իրավիճակ, հաշվարկով, որ դրա վրա «բզզալով» հավաքվելու են բոլորը՝ «նեկտար« քաղելու նպատակով: 

Տարիներ շարունակ մեր գլխավոր վրիպումներից եւ սխալներից մեկը եղել է այն, որ համոզված ենք եղել, եւ ինքներս մեզ ենք համոզել, որ Ալիեւը ոչինչ է, չունի որեւէ բան ինքնուրույն անելու հնարավորություն: Մեծ հաշվով այո՝ նա ոչինչ է խոշոր ուժային կենտրոնների տրամաչափում: Բայց, երբ այդ կենտրոնների միջեւ կա շատ սուր մրցակցություն, բացվում է ռեսուրսային որոշակի բազա կուտակած  ավելի փոքր տրամաչափի խաղացողների մանեւրի դաշտ: Այդ դաշտի սահմանները բավականին նուրբ են, հնարավոր է չնկատել ու խախտել, թեկուզ ոգեւորությունից, եւ կարող ես պատժվել:

Հիմա ինչպիսի՞ն է վիճակը Ալիեւի համար, ես չգիտեմ, բայց գոնե առայժմ նա չունի «մարսողության» խնդիր, ինչը թերեւս նշանակում է, որ դեռ սպառված չէ Լաչինի միջանցքում ադրբեջանցի «ակտիվիստների» տեսքով կուտակված «աշխարհաքաղաքական նեկտարը»»;

Նմանատիպ նյութեր