211652_close_icon
views-count1137 դիտում article-date 10:23 12-01-2023

Քվեատուփը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերեւս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:


Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու: Նրանք շարունակում են. «Յուրաքանչյուր ընտրող կարող է որեւէ մեկին խոստանալ իր ձայնը կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո, ունենալով ազատության, բավարար ապահովվածության ընտրությունը, կատարել իր խղճի եւ համոզմունքների համաձայն: Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետեւ ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը եւ նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ եթե քվեախցիկների դիրքը փոխեն, եւ հնարավոր լինի ընտրողների հետեւը կանգնել, վերահսկել նրա քայլերը, առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը եւ, որ ամենակարեւորն է, ընտրողի ազատ կամարտահայտությունը, քանի որ անհնար կլինի լուսանկարել քվեաթերթիկը: Իրականում իշխող կուսակցության անդամները ընտրակեղծիքի, ընտրողի քվեարկությունը վերահսկելու նոր մեխանիզմ են գործի դնում, քանի որ նախագծում հստակ չեն գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից: Ընդամենը նշված է. «Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա ե՛ւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի, ե՛ւ ընտրողի ազատ կամարտահայտումը»: Իսկ ո՞րն է պատշաճ հեռավորությունը:

Ով կարող է երաշխավորել, որ ընտրախցիկին մոտեցած՝ ընտրողի հետեւը չեն գալու կանգնեն ինչ-որ մարդիկ՝ հստակ ուղղորդելով՝ ինչպես քվեարկել: Ակնհայտորեն խախտվելու է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Նկատենք, որ քվեաթերթիկ լուսանկարելու պրակտիկա միշտ եղել է, եւ անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում փակ քվեարկությունների ժամանակ լուսանկարում էր քվեաթերթիկը ու հրապարակում: Փաստորեն, Աղազարյանն ու Ասլանյանը պայքարում են հենց իրենց ղեկավարի նախկին գործելաոճի դեմ: Իրականում ապագա ընտրությունները վերահսկելու մեխանիզմ է գործի դնում իշխող ՔՊ-ն:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր