211652_close_icon
views-count25934 դիտում article-date 11:42 22-01-2023

Դատարանը կալանավորել է Արմավիրի մարզում հայտնի «Մեյմանդարի շուկայում» 1 հոգու սպանած, 1 հոգու էլ դանակահարած կասկածյալին, վերջինս դատարանից տեղափոխվել է Արմավիրի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աբրահամ Արտաշյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավար, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 15-ին Գայի գյուղում՝ժողովրդին հայտնի «Մեյմանդարի շուկայում» Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Սարգիս Ա-ին սպանելու և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հ-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված կասկածյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Անդրանիկ Կ-ի նկատամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Անդրանիկ Կ-ն վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» ՔԿՀ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19։00-ից 19։10 ընկած ժամանակահատվածում ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայում, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ օպերատիվ տեղեկությունների, կային տուժածներ։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում, տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել էին տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ու Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը։

Դեպքի վայրում աշխատել էին Դ․ Բարոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետներ Արայիկ Նավասարդյանն ու Արմեն Ղարիբյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա էին արնանման հետքեր, և կային կասկածներ, որ դա հանցագործության գործիքն էր։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Սարգիս Ա․-ն է։

Ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Հ․-ն է։

Դեպքի փաստով Դ․ Բարոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր